Վիգեն Սարգսյան. Ադրբեջանը ձգում է հակամարտության կարգավորումը
Մի ամբողջ սերունդ է մեծացել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, այն գիտակցությամբ, որ իրենք ինքնիշխան պետություն են, ինքնուրույն են ընդունում որոշումները և չկա այնպիսի գործընթաց, որ նրանց հակառակը կհամոզի: Ռուսական լրատվամիջոցների հետ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորմանը, այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող հակամարտությունը ժողովրդի ինքնորոշմանն ուղղված տիպիկ օրինակ է: Ժողովուրդ, որը ստիպված էր պաշտպանել այդ իրավունքը զենքով, քանի որ պարտադրված էր պատերազմ, որից հետո ստեղծեց պետական կառավարման արդյունավետ համակարգ. ժողովրդավարական համակարգ, որտեղ տեղի են ունենում ընտրություններ, ձևավորվում է խորհրդարան և ընտրվում է նախագահ, ունի իր դատական համակարգը, տնտեսական զարգացման իր տրամաբանությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 24 տարիների ընթացքում, զինադադարի ստորագրումից ի վեր, ամբողջովին իրացրել է այն բոլոր մեխանիզմները որոնք անհրաժեշտ են պետականության ճանաչման համար»,- նշել է նախարարը:
Անդրադառնալով բանակցային գործընթացին, նախարարը նախ ընդգծել է, որ հայկական կողմը բաց է բանակցություններում և կարևորել, որ հակամարտության լուծման ուղիները գտնելու գործընթացը ուղղակիորեն կապված է ինքնորոշման իրավունքի հարգման հետ:
«Մնացած բոլոր հարցերը, որոնք գոյություն ունեն այս համատեքստում, պետք է լուծվեն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և ազատ զարգացման իրավունքը հաշվի առնելով»,- նշել է նա և հավելել, որ ցավոք սրտի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը տապալվում են Ադրբեջանի կողմից, որը նպատակամղված չէ լուծում գտնելուն:
«Ադրբեջանը ձգում է հակամարտության կարգավորումը՝ անընդհատ ավելացնելով սպառազինությունը՝ տարածելով հակահայկական, հայատյաց հռետորաբանություն բոլոր մակարդակներում՝ սկսած պետության ղեկավարից մինչև բուհերում և դպրոցներում դասավանդում: Եվ այդ ատելության մթնոլորտում, իհարկե, հասարակությանը պատրաստել ԼՂ հարցում լուծման, փոխզիջումների գնալու, ուղղակի անհնար է»,- ասել է նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքով, դժվար է համադրել ամբողջովին իրարից տարբերվող երկու պետական կառավարման համակարգեր, որոնք գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում:
«Մենք չենք հոգնելու աշխատել խաղաղության համար, սակայն պետք է պատրաստ լինենք իրավիճակի ցանկացած զարգացման, քանի որ ցավոք սրտի, իմ գնահատականներով, Ադրբեջանում ամբողջովին բացակայում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության համակարգը, իսկ դա նշանակում է, որ ռազմական գործողությունների հնարավորությունը ԼՂ հակամարտության գոտում կարելի է գնահատել 0-ից մինչև 100 տոկոս, քանի որ ոչ մի բանով այդ որոշումները չեն սահմանափակվում և չեն պայմանավորում»,- նշել է նա:
«Ուզում ենք հույս ունենալ, Բաքվում հասկանում են, որ ցանկացած լարում կարող է վերածվել լայնածավալ պատերազմի, որը ամբողջովին քաոս կառաջացնի, սակայն չի լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քանի որ այդ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում»,- եզրափակել է Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին