Հայերի ներդրումն անգնահատելի է մեր երկրի կյանքում. Լեհաստանի նախագահ
Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների համար մարտի 29-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նախագահական պալատում կազմակերպել էր հատուկ ընդունելություն, որին մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վարշավայի և Արևելյան Լեհաստանի Կարդինալ Կազիմիրժ Նիչը, ԼՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Վոյչեխ Կոլարսկին և Անջեյ Դերան, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, անվանի հայագետներ, հոգևորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ այլ հյուրեր:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապրեի բաժնի հաղորդմամբ, ընդունելությունը նվիրված էր Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյա հոբելյանին, ինչի առիթով Լեհաստանի պատմական փաստաթղթերի գլխավոր արխիվից Նախագահական պալատ էր բերվել Լեհաստանի թագավոր Կազիմերժ Մեծի կողմից ընդունված այն փաստաթղթի բնօրինակը, որով 1367 թվականին Լեհաստանի թագավորն արտոնել է Սսի Կաթողիկոսի կողմից նշանակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական Գրիգորին ազատորեն քարոզել Հայ Առաքելական եկեղեցու հավատքը Լեհաստանի Թագավորության ողջ տարածքում:
Արարողությանը ծավալուն ելույթ է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ով իր խոսքում մեծ կարևորություն և նշանակություն է տվել հայերի ներկայությանը և Լեհաստանի պատմության ընթացքում ունեցած դերակատարությանը:
«Հայ ժողովրդի պատմությունը գրանցված է նաև Լեհաստանի ժողովրդի պատմության մեջ, այն անբաժանելի կեպով կապված է մեր ժողովրդի պատմության հետ: Հարյուրամյակների ընթացքում իրար խառնված մեր արյունը Լեհաստանի մեծ ձեռքբերումն է: Հնարավոր չէ պատկերացնել Լեհաստանի պատմությունը առանց դրանում, մեր մշակույթում, մեր ավանդույթներում հայերի բազմադարյա ներդրման: Հայերն իրենց ավանդույթով, իրենց մտավորականությամբ, իրենց արվեստով, մշակույթով ու հավատով միշտ հյուրընկալվել են Լեհաստանում: Հայերի ներդրումն անգնահատելի է մեր երկրի կյանքում, հասարակական կյանքի բոլորոլ որտներում: Նրանք մշտապես ներգրավված են եղել հասարակական կյանքում, իրենց նոր Հայրենիքի կյանքում` մշտապես հիշելով Հայաստանի մասին: Այս հարյուրամյակներին նայելով` ես` որպես Լեհաստանի Հանրապետության Նախագահ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ ներդրման համար»,- հայտարարել է նախագահ Դուդան:
Լեհաստանի նախագահը հատկապես ընդգծել է Լեհաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ բերած գործիչներին` հիշատակելով հայկական արմատներով ականավոր նկարիչ, Կրակովի Գեղարվեստի Ակադեմիայի պրոֆեսոր Թեոդոր Աքսենտովիչին, ինչպես նաև աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն:
Նախագահը հավելել է, որ հայերը, ժամանելով Լեհաստան դեռևս 1367 թվականին, արտոնություն են ստացել հիմնելու առաջին հայկական եկեղեցական թեմը Լեհաստանում:
Իր ելույթում Լեհաստանի Նախագահն ընդգծել է, որ 1519 թվականին Լեհաստանի Թագավոր Զիգմունդ Առաջին Ավագը ճանաչել է Հայոց հնագույն օրենքները իբրև Լեհաստանի օրենսդրության մի մաս:
Նախագահի ելույթից հետո ընթերցվել է ԼՀ նախագահի հրամանագիրը, որով ԼՀ Նախագահ Անջեյ Դուդան Լեհաստանի Հանրապետության անկախության համար նշանակալի ներդրման համար Լեհաստանի Վերածննդի Կոմանդորական (Սպարապետի) Խաչ շքանշանով հետմահու պարգևատրեց հայազգի զինվորական Վալերիան Տումանովիչին:
Արարողության ընթացքում լեհական երգչախմբի կատարմամբ հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները։
Միջոցառման պաշտոնական մասից հետո կազմակերպված հյուրասիրության ընթացքում Լեհաստանի նախագահն առանձին հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ընդունելության ավարտին Լեհաստանի նախագահին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ղազարյանը նրան է նվիրել արցախյան ձեռագործ գորգ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկերով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում