Կստեղծվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար գործառնական անկախության ավելի լայն հնարավորություններ
Գործադիրը հավանություն է տվել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը կնպաստի հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման արդյունավետության բարձրացմանը:
Օրինագծի մշակումը պայմանավորված է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքը ՀՀ նոր սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից, ինչպես նաև բխում է Ասիական զարգացման բանկի կողմից մշակված «Կարգավորման անկախության բարձրացում» հաշվետվության հիման վրա ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ ՀՀ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման անկախության բարձրացման նպատակով իրավական գործողությունների ծրագրից:
Նախագծով առաջարկվող փոփոխությամբ գործող կարգավորումը համապատասխանեցվել է ՀՀ սահմանադրությանը՝ միաժամանակ ամրագրելով սահմանադրական նորմի իրացման մեխանիզմներ: Նախագծով լրացվել են հանձնաժողովի անդամի նշանակմանը խոչընդոտող, ինչպես նաև նրա լիազորությունների դադարեցման հիմքերը, այդ թվում՝ հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տալու կարգը, որը համապատասխանեցվել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքին: Լրամշակվել են հանձնաժողովի նախագահի իրավասությունները, ինչպես նաև նախատեսվել են հանձնաժողովի անունից պաշտոնական փաստաթղթեր ստորագրելու, հանձնաժողովի որոշումների և այլ փաստաթղթեր նշագրելու՝ հանձնաժողովի անդամի իրավունքների վերաբերյալ դրույթներ:Նախագծով ամրագրվել են նաև հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնելու իրավական հիմքերը, ինչպես նաև հանձնաժողովի նիստում քննարկման ոչ ենթակա հարցեր քննարկելու կարգը: Նախագծի ընդունման նպատակը հանձնաժողովի համար գործառնական անկախության ավելի լայն հնարավորությունների ստեղծումը, հանձնաժողովի մանդատն իրագործելու կարողությունների բարելավումն է, ինչն էլ բխում է հանրային կարգավորման շահերից: