Վարչապետը պատրաստակամություն է հայտնել բիզնես ծրագրերում ներգրավել եզդի համայնքի գործարարներին. Ռ. Մախմուդյան
«Այսօր Հայաստանում ոչ միայն եզդի գործարարների, նաև շատ գործարարների շրջանում են լինում տարբեր տեսակի անհարթություններ, տարաձայնություններ, նաև օրենսդրական տեսանկյունից խնդիրներ: Օրենսդրական կարգավորումներով կարելի է լուծել այդ խնդիրները»,- եզդիական համայնքի գործարարների հետ հանդիպմանն ասաց խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի համապետական ցուցակով եզդիական համայնքի կողմից առաջադրված թեկնածու, սահմանադրական իրավունքի մասնագետ Ռուստամ Մախմուդյանը:
Նա նշեց, որ անհրաժեշտ է բիզնես միջավայրը զարգացնելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկել: Միաժամանակ հավելեց, որ այդ քայլերն արդեն ձեռնարկվել են՝ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո, նրա ակտիվ մասնակցությամբ:
«Վարչապետը պատրաստակամություն է հայտնել բիզնես ծրագրերում ներգրավել մեր համայնքի գործարարներին»,- ասաց Ռուստամ Մախմուդյանը:
Դիմելով եզդի գործարարներին՝ նա նշեց, որ խնդիրների լուծմանը հասնելու, որևէ բան փոխելու համար պետք է կանգնել քաղաքական մեծամասնություն կազմող ուժի՝ ՀՀԿ-ի կողքին:
«Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ պատգամավոր ընտրվելուց հետո ձեզ համար լինելու եմ հասնելի: Միայն այդ դեպքում կարող եմ տեղեկանալ ու Ազգային ժողովում բարձրաձայնել ձեզ հուզող խնդիրների մասին: Պատրաստ եմ ցանկացած դժվարության դեպքում կանգնել ձեր կողքին, որովհետև ձեր կողքին կանգնելով՝ կանգնում ենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողքին, նաև այդպես նպաստում տնտեսության զարգացմանը»,- ասաց պատգամավորության թեկնածուն:
Ռուստամ Մախմուդյանի խոսքով, նախընտրական հանդիպումների ժամանակ բարձրաձայնված բոլոր հարցերը, խնդիրները գույքագրում են, բարեհաջող ավարտից հետո, հարցերի կարևորության աստիճանից ելնելով, ձեռնամուխ են լինելու դրանց լուծմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները