Վիգեն Սարգսյան. Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին կնպաստի երկրի պաշտպանունակության բարձրացմանը
Հայաստանում անցումը կառավարման խորհրդարանական համակարգին կնպաստի երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը: Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Նախատեսվում է, որ խորհրդարանում ձևավորվելիք մեծամասնությունը լինի կայուն մեծամասնություն, որը հնարավորություն կունենա ձևավորելու կառավարություն, որն էլ իր հերթին պատասխանատու կլինի երկրի պաշտպանունակության բարձրացման, ազգային անվտանգության համար: Պատերազմական իրավիճակում վարչապետը ստանձնում է գերագույն-գլխավոր հրամանատարի պարտականությունները: Կառավարման խորհրդարանական մոդելը նաև կարևոր նշանակություն կունենա ճգնաժամային իրավիճակներում, այն իրավիճակներում, երբ խորհրդարանի մեծամասնությունը պետք է որոշումներ կայացնի բյուջեում, հիմնական այլ օրենսդրական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների մասին, որոնք թելադրվում են իրավիճակի զարգացմամբ»,- նշել է Վիգեն Սարգսյանը:
ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ երկրների հետ Հայաստանի փոխգործակցության վերաբերյալ նախարար Սարգսյանը նշեց, որ բոլոր այն խնդիրները, որոնք կարող են առաջ գալ որոշումների կայացման ընթացքում շատ արագ կլուծվեն:
«Ես որևէ լուրջ խնդիր չեմ տեսնում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ երկրների հետ Հայաստանի փոխգործակցության համար` կապված կառավարման նոր մոդելի անցնելու հետ»,- նշել է Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով «ՏԱՍՍ» լրատվական գործակալության լրագրողի հարցին, թե ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում, Հայաստանի քաղաքական դաշտում որտեղ կլինի ձեր տեղը, նախարարը պատասխանել է, որ ամենայն հավանականությամբ կշարունակի իր գործունեությունը պաշտպանության նախարարությունում:
«Հույս ունեմ, որ եթե ՀՀԿ-ին հաջողվի ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում հաղթանակ տանել, իմ գործընկերների կողմից ինձ վստահություն կընձեռվի շարունակել իմ աշխատանքը պաշտպանության նախարարությունում»,- նշել է նախարարը և հավելել, որ ժամանակ կլինի պաշտպանական ոլորտում իրականացնել մի շարք բարեփոխումներ, որոնք համարվում են ժամանակի մարտահրավեր և ուղղակիորեն ազդում են երկրի պաշտպանունակության վրա:
«Մենք շատ հարցեր ունենք, որ պետք համալիր լուծում ստանան»,- ասել է նախարարը:
Տեսանյութը՝ ՀՀ ՊՆ-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան