Կառավարությունը մտադիր է վերջնական լուծում տալ հանրակացարանային բնակտարածքների խնդրին
Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում գտնվող 2066.6 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 161 քառ. մետր մակերեսով վարչական շենքը նվիրաբերության կարգով կտրամադրվի այնտեղ բնակվող ընտանիքներին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով նմանատիպ խնդիրներին, նշել է, որ պետք է այս դաշտն օրինականացնել և բնակարանները հատկացնել այնտեղ երկար ժամանակ բնակվող ընտանիքներին:
«Այժմ այդ խնդիրն օդի մեջ կախված է, ոչ գույքն է մերը, ոչ դրա հետ կարող ենք որևէ բան անել: Չգիտեմ, բնակվող մարդը կոմունալ վճարումները կատարո՞ւմ է, թե ոչ, գույքահարկ վճարո՞ւմ է, թե չի վճարում: Պետք է մարքել այդ դաշտը: Նման հանձնարարական ձևակերպեք, խնդիրը լուծենք, բայց հստակ հայտանիշերով»,- ասել է վարչապետը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ ընդգծել է, որ ՊՆ համակարգում ևս նման խնդիր կա: Նրա խոսքով, առկա է ծառայողական ֆոնդի 1200 բնակարան, որտեղ բնակվում են մարդիկ, ովքեր օրենքով ենթակա են բնակարանային փոխհատուցման, արդեն անցել են զինթոշակի: «Ոմանք էլ արդեն մահացել են և այդ բնակարններում ապրում են նրանց ընտանիքները: Այդ հարցում եղել են շատ սուբյեկտիվ որոշումներ: Բայց 1200 ընտանիք օդից կախված վիճակում է: Մենք էլ ենք այդ գործընթացն ավարտում ու առաջիկա շաբաթներին ներկայացնելու ենք նրանց սեփականաշնորհման գործընթացը»,- ասել է նախարարը: