ԱՄՆ դեսպան. Հայաստանի կանայք թերևս երկրի ամենակարևոր ռեսուրսներից են
«Հայաստանի կանայք թերևս երկրի ամենակարևոր ռեսուրսներից են: Ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգները տարբեր բնագավառներում սատարել է այս կանանց, ովքեր աշխատում են ավելի պայծառ ապագա կերտել Հայաստանի բոլոր քաղաքացիների համար»: Հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով երեկ այցել է Գեղարքունիքի մարզ և հանդիպել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի շահառուներ ու գործընկերներ հանդիսացող կին ֆերմերների, քաղաքացիական ակտիվիստների և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ։
«Այսօր ես հանդիպեցի բազմաթիվ հրաշալի հայ կանանց՝ ֆերմերներներ, քաղաքացիական ակտիվիստներ ու առաջնորդներ։ Ամեն անգամ, երբ հանդիպում եմ հայ կին ձեռներեցների և համայնքային առաջնորդների հետ, ես տպավորվում եմ նրանց քրտնաջան աշխատանքով, հնարագիտությամբ և ի հեճուկս խոչընդոտների նրանց ունեցած ձեռքբերումներով»,-ասել է դեսպանը:
ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանում գյուղական ձեռներեցության զարգացմանը մի շարք ծրագրերի միջոցով, որոնք կարևորում են կին ձեռներեցների ներուժը գյուղական տնտեսությունների աճը խթանելու հարցում:
Հայրավանքում դեսպան Միլսը հանդիպել է կին ֆերմերների հետ, ովքեր օգտվում են համայնքի Գյուղատնտեսական և Անասնաբուժական Սպասարկման Կենտրոնի ծառայություններից։
Կենտրոնը սպասարկում է մարզի 10 համայնքների շուրջ 2000 գյուղացիների՝ խթանելով ագրոբիզնեսի առաջավոր մեթոդների տարածումը և տրամադրելով մի շարք ծառայություններ ու պարագաներ, այդ թվում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելում և բուժում, ֆինանսական նոր ռեսուրսների ներգրավման և իրացման շուկաների մասին խորհրդատվություն:
Գավառում դեսպան Միլսը այցելել է «Գեղարեգ» ՀԿ-ն ու զրուցել համայնքի կին ակտիվիստների հետ։ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ կատարած այցի ընթացքում դեսպան Միլսը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ շահառուների հետ և զրուցել քաղաքացիական ակտիվիզմի և սոցիալական ձեռներեցության ասպարեզում կանանց դերի շուրջ:
Դեսպան Միլսն ընդգծել է կին առաջնորդների ու տնտեսության բնագավառում կանանց կարողությունների հզորացման կարևոր դերը Հայաստանի զարգացման գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում