Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականները մեկնում են Եվրոպայի առաջնություն
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականներն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մեկնում են Խորվաթիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի հաղորդմամբ, դեռ մարտ ամսի կեսերին հրապարակված Սպլիտ մեկնող թիմերի կազմում փոփոխություններ չկան:
Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ մտնելու են. տղամարդիկ՝ Անդրանիկ Կարապետյան՝ 85 կգ քաշային կարգ, Կարուշ Ղուկասյան՝ 94 կգ, Սիմոն Մարտիրոսյան եւ Սամվել Գասպարյան՝ 105 կգ, Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան՝ +105 կգ, կանայք՝ Իզաբելլա Յայլյան՝ 58 կգ, Սոնա Պողոսյան՝ 75 կգ եւ Տաթեւ Հակոբյան՝ 90 կգ:
Տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ ուսումնամարզական վերջին հավաքն ավարտել են այսօր առավոտյան, ամեն ինչ ընթացել է ըստ պլանի, և տղաների մարզավիճակը նորմալ է:
Անդրանիկ Կարապետյանի մասին մարզիչն ասել է, որ նա Ռիոյում ստացած վնասվածքից հետո լիովին վերականգնվել է, սակայն Խորվաթիայում մեդալի համար պայքարելու առաջադրանք չի դրվում նրա առջև:
«Մենք մի քանի պատճառներով Անդրանիկին չենք թողնելու ռիսկային կիլոգրամների մոտենալ: Նախ, նա առաջին անգամ է հանդես գալու 85 կգ քաշային կարգում: Երկրորդ, սա օլիմպիական խաղերից հետո նրա առաջին մեկնարկն է: Եվ երրորդ, հենց Անդրանիկն է մեր հավաքականից առաջինը մտնելու պայքարի մեջ, ինչը հոգեբանական որոշակի ճնշում է մարզիկի վրա: Անդրանիկը պետք է կրկին զգա մրցահարթակը, որպեսզի այնուհետեւ ավելի վստահ նախապատրաստվի աշխարհի առաջնությանը»,- ասել է Վիգեն Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան