Հարցում. ՀՀԿ-ն ռեյտինգային թեկնածուների և կուսակցական վարկանիշներով առաջ է «Ծառուկյան» դաշինքից
Միջազգային հեղինակավոր BS/The Gallup International գործակալությունը իր հայկական գործընկեր Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պատվերով իրականացրել է սոցիոլոգիական հարցումեր՝ «Հայաստանում ԱԺ ընտրություններին ընդառաջ»։ Հարցումն իրականացվել է ընտրելու իրավունք ունեցող 1005 քաղաքացիների հետ տնային այցելությամբ դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, մարտի 18-27 ժամանակահատվածում։
Հարցման արդյունքները լրագրողներին ներկայացրեց Gallup International ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիսաուշկիենեն և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:
Հարցվածների 50 տոկոսն ասել է, որ հաստատ մասնակցելու է ընտրություններին, 35 տոկոսը՝ հավանաբար, այո: Սակայն, հիմնվելով նախկին փորձերի վրա, ենթադրվում է, որ մասնակցությունը կկազմի միջինը 55-60 տոկոս։
Հարցվածների 63 տոկոսն ասել է, որ արդեն կայացրել են որոշում, թե քաղաքական որ ուժին են տալու իրենց ձայնը:
«Հավատացեք, որ շատ բարձր ակտիվություն է, աննախադեպ նախընտրական արշավ ունեցանք այս տարի: Այսքան ակտիվ, բազմազան, բազմահազար հավաքներ նախընտրական պայքարի ժամանակ չէինք տեսել»,- ասաց Գ. Պողոսյանը:
Ընտրություններից մի քանի օր առաջ ընտրողների առավել մեծ աջակցությունն են վայելում ՀՀԿ-ն, որին պատրաստ է ձայն տալ ընտրողների 30,2 տոկոսը (կամ հավանական ընտրողների 35,6 տոկոսը), «Ծառուկյան» դաշինքի օգտին՝ 29,1 տոկոսը (կամ հավանական ընտրողների 34,2 տոկոսը):
Գ. Պողոսյանն ասաց, որ այս տոկոսներն աճելու են, քանի որ այս քվեարկության ժամանակ ընտրողները նշելու են նաև ընտրատարածքներում տարբեր կուսակցություններից ընդգրկված ռեյտինգային մասնակիցները:
Հարցին, թե Ձեր ընտրական տարածքում առաջադրված որ թեկնածուի օգտին կքվեարկեք (տարածքային ցուցակներից), 31,7 տոկոսը ասել է՝ ՀՀԿ, 21,8 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինք, 8-ական տոկոս «Ելք», ՀՅԴ, 5 տոկոս «Հայկական վերածնունդ», 4-ական տոկոս՝ «Ազատ դեմոկրատներ», Կոնգրես-ՀԺԿ, 3-ական տոկոս՝ Կոմկուս, ՕՐՕ:
«Այստեղ տասը տոկոսի տարբերություն կա ՀՀԿ-ի ու «Ծառուկյան»-ի միջև, ինչը գալիս է նրանից, որ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները երևի ավելի ուժեղ են լինելու, կամ շատ են լինելու»,- ասաց Գ. Պողոսյանը։
Քվեարկության ժամանակ այս ձայները կգումարվեն համապատասխան կուսակցությունների ստացված քվեներին:
Հարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն էլ ավելի է բարելավել իր դիրքերը վարկանիշային թեկնածուների ընտրական պոտենցիալի հիման վրա։ Ընտրություններից մի քանի օր առաջ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն նաև կուսակցական վարկանիշով է առաջ անցել «Ծառուկյան» դաշինքից:
Չնայած «Ելք» դաշինքը, ՀՅԴ-ն և «Հայկական վերածնունդը» հաղթահարում են պահանջվելիք 7 և 5 տոկոսանոց շեմերը համապատասխանաբար, սակայն իրավիճակը փոխվում է վարկանիշային թեկնածուների հիման վրա վերլուծության տեսակետից։ Այս պարագայում գրեթե ոչ մի փոքր կուսակցություն կամ դաշինք չի հաղթահարում անցողիկ շեմը, եթե հաշվի առնվի ընտրանքային սխալը։ Այնուամենայնիվ, հետազոտողները ենթադրում են, որ ԱԺ-ում հայտնվելու մեծ շանսեր ունեն «Ելք» դաշինքը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։
Գ. Պողոսյանը նշեց, երկու անձնավորություն կա, ովքեր քաղաքական գործընթացի ամբողջ ծանր աշխատանքն իրենց վրա են վերցնում ՝ Գագիկ Ծառուկյանը և Կարեն Կարապետյան. «Երկուսի դրական վարկանիշն էլ բարձր է՝ Գագիկ Ծառուկյան՝ 73 տոկոս, Կարեն Կարապետյան՝ 72 տոկոս»։
Սոցիոլոգի խոսքով, դեռ հունվարին էին ասում, որ ամբողջ ընտրապայքարը կենտրոնանալու է այս երկու խոշոր կուսակցությունների՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ձեռքում. «Պատկերացրեք, եթե Գագիկ Ծառուկյանը չմասնակցեր ընտրություններին, ԲՀԿ-ն այսքան տոկոս չէր հավաքի, որովհետև Ծառուկյանի հիմնած կուսակցությունն է: Կարեն Կարապետյանի իմջը, նրա նկատամբ դրական վերաբերմունքը վերագրվում է այն կուսակցությանը, որն ինքը ներկայացնում է»:
Նշենք, որ ապրիլի 2-ին Gallup International գործակալությունը իրականացնելու է նաև Էքզիթ-Փոլ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան