Սեբաստիան Կուրցը ԼՂ հարցով առարկայական բանակցությունների վերսկսման կոչ է արել
ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարությամբ է հանդես եկել՝ միանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ավելի վաղ արված հայտարարությանը, որով ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արվել ակտիվացնել կարգավորման քաղաքական գործընթացը:
«Մեկ տարի առաջ տեղի ունեցած կռիվն ու բռնությունը, որը վատագույնն էր վերջին երկու տասնամյակում, ավերածությունների, տառապանքների ու մարդկային կորուստների պատճառ դարձան: Այդ ամենը վառ հիշեցումն էր, թե ինչ արագությամբ պատերազմը կարող է խաթարել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Այդ կապակցությամբ, կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել հրադադարի ռեժիմը: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան իրենց միջազգային մարդասիրական պարտավորություններին խստորեն հետևելու հանձնառությանը՝ պատերազմական հանցագործությունները երբևէ արդարացում չունեն»,- նշված է հայտարարության տեքստում:
Անդրադառնալով 2016 թվականի ապրիլին շփման գծում բռնկված բռնությանը, Կուրցն ասել է, որ բանակցային գործընթացում նոր խթանների հույս է հայտնել:
«Շփման գծում տեղի ունեցած բռնությունները և հրադադարի լուրջ խախտումները, որոնց արդյունքում նաև կորուստներ արձանագրվեցին, մեր մտահոգության առարկան էին նախորդ ողջ տարվա ընթացքում: Այժմ վստահության կառուցման, ինչպես նաև առարկայական բանակցությունների վերսկսմանն ուղղված պրագմատիկ ու կիրառական քայլերի վրա կենտրոնանալու իսկական ժամանական է»,- նշել է Սեբաստիան Կուրցը:
Վերջինս ափսոսանք է հայտնել ապրիլյան ողբերգական իրադարձությունների հետևանքով մարդկային կորուստների առնչությամբ և իր ցավակցությունը հայտնել նրանց ընտանիքներին:
«Մեկ տարի առաջ տեղի ունեցած կռվին հաջորդած հետցնցումները հայերի ու ադրբեջանցիների համար ավելի դժվար դարձրեցին խաղաղությանը հավատալը, բայց ինչպես բազում առիթներով եմ ես ասել, Լեռնային Ղարաբաղի հակամարատությունը չունի ռազմական լուծում: Մենք պետք է հիմա պատրաստվենք խաղաղության և թույլ չտանք պատերազմին հետ գալ՝ իր սարսափելի հետևանքներով հանդերձ»,- հավելել է Սեբաստիան Կուրցը:
Ավստրիայի արտգործնախարարը նաև անդրադարձել է դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի գործունեությանը՝ նշելով. «ԵԱՀԿ նախագահությունը հաստատուն է՝ իր ներդրումն ունենալու և նպաստելու կողմերի միջև 2016 թվականին Վիեննայի և Սանկ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա առաջախաղացմանն ու իրականացմանը»:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է նախապատրաստում ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ. Մարիա Զախարովա
- Ղարաբաղյան հիմնահարցի քննարկումները այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են հանգուցալուծմանը հասնելու համանախագահների ջանքերը. Նալբանդյան