Վարդան Օսկանյան. Արդար կառավարման դեպքում մենք կկարողանանք ուժեղացնել մեր թիկունքը
«Հնարավոր է հակառակ ղարաբաղյան հարցի առկայության՝ պահպանել խաղաղությունը, զարգանալ, կրճատել աղքատությունը, կանգնեցնել արտագաղթը: Այս ամենը մեր ժողովուրդն ապացուցել է 1998-2008 թվականներին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀ ատաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Նա նաև նշեց, որ այդ ընթացքում արձանագրել են առաջընթաց ԼՂ բանակցություններում, իրենց հաջողվել է ամրագրել ԼՂ ժողովորդի ինքնորշման իրավունքը բանակցային փաստաթղթում:
Վ. Օսկանյանի խոսքով, իրենց դաշինքում համոզված են, որ նույնը կրկնելու ռեալ հնարավորություն կա, հնարավոր է նաև ԼՂ բանակցություններում կատարել հաջորդ քայլը, այսինքն՝ ինքնորոշման իրավունքի ամրագրումից անցնել ԼՂ անկախության կամ ՀՀ-ի հետ մի պետության փաստի ճանաչմանը միջազգային հանրության կողմից:
«Դրա ռեալ հնարավորությունը տեսնում ենք, կարծում ենք՝ արդար կառավարման դեպքում մենք կկարողանանք մեր թիկունքն ուժեղացնել, ճիշտ բանակցություններ վարելով, հմուտ դիվանագիտությամբ հասնել նման արդյունքների»,- ասաց արտաքին գործերի նախկին նախարարը:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի վերաբերյալ, Վ. Օսկանյանն ասաց. «Այսօրվա այդ խոսակցությունները՝ վերադառնալով 1990-ական թվականներ, ցուցաբերելով այս պարտվողական թույլ մոտեցումը, կարծում եմ, որևէ դրական բան չի կարող ունենալ մեր հետագա գործունեության վրա՝ անկախ նրանից, ով կլինի իշխանության մեջ»,- ասաց Վ. Օսկանյանը: