Հայկ Քոթանջյան․ Հայաստանում իրավական անվտանգության խնդիրները ուշադրության կենտրոնում են
«ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավն անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով այսօր տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանն անդրադարձավ անվտանգությանն առնչվող հարցերում և արտաքին քաղաքական խնդիրներում փորձագիտական ընկերակցության ներդրմանն ու ինստիտուցիոնալ գործիքների հետ կապված խնդիրներին։
Պրոֆեսոր Քոթանջյանի խոսքով, այս ոլորտների ներկայացուցիչների սերտ աշխատանքը փորձագիտական հանրույթի հետ մեծ արդյունավետություն կարող է ապահովել և այդ հարցում էլ որպես լավագույն օրինակ կարող է հանդիսանալ Իսրայելը։
«Ազգային անվտանգության համակարգի մեջ շատ կարևոր է, որ պառլամենտի մեջ կա կառավարության ներկայացուցչություն և դրա հետ մեկտեղ փոխնախարարները, նրանք անպայման նշանակվում են պատգամավորների թվից և ունենք հատուկ քաղաքական անվտանգային առաքելություն, նրանք կամրջում են Կնեսեթի և կառավարության համագործակցությունը համապատասխան գերատեսչական տիրույթներում։ Սա շատ բարդ, սակայն էֆեկտիվ համակարգ է»,- նշեց բանախոսը։
Խոսելով սահմանադրական փոփոխություններից հետո ստեղծված իրավիճակի մասին Քոթանջյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում ամենաբարձր մակարդակով ուշադրություն է դարձվում իրավական անվտանգության հետ կապված հարցերին։
Հայկ Քոթանջյանը նաև տեսակետ հայտնեց, որ անվտանգության խնդիրների կարևորությունից ելնելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումների համատեքստում փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաև Ազգային անվտանգության խորհրդի գործունեության հետ կապված: