Քարոզարշավից հետո ինքս ինձ հետ շատ համերաշխ եմ. Կարեն Կարապետյան
«Այս մեկ ամսվա ընթացքում շրջելով Հայաստանով, հանդիպելով, խոսելով մեր ժողովրդի հետ, ես ինքս ինձ համար վերահաստատել եմ մի պարզ ճշմարտություն՝ մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, մենք ունենք մեծ ներուժ մեր երկիրը դարձնելու ֆանտաստիկ երկիր»,- այս մասին այսօր ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանն ասաց ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ չկա որևէ մի պատճառ, որ ֆանտաստիկ երկիր չդառնանք:
«Մեր Հայաստանը լինելու է ժամանակակից, զարգացող և շարժվող, տրամաբանական և օրենքի երկիր՝ պահպանելով մեր ավանդույթները, ինքնատիպությունը, մեզ համար հարազատ միջավայրը, միևնույն ժամանակ լինելով բաց և հասկանալի աշխարհի համար: Այսօր մենք ունենք երիտասարդ՝ ընդամենը 25 տարվա անկախ երկիր, բայց այն քիչ հին ազգերից ենք, որ անցնելով հազարամյակներով ունենք պետականություն»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Ամփոփելով քարոզարշավը՝ վարչապետը խոստովանեց, որ քարոզարշավից հետո ինքն իր հետ շատ համերաշխ է, քանի որ չկա մի բան, որ ասել է և որի համար պատրաստ չէ պատասխան տալ:
«Հանդիպումների ժամանակ չեմ հրապուրվել նրանով, որ դիմացինիս ասեմ մի բան, որ իրեն դուր գա: Եղել ենք ազնիվ և անկեղծ: Այդ նույն սկզբունքները դրել ենք մեր ծրագրի և գործողությունների մեջ», - ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Ըստ նրա՝ այսօր ներկայացնում են մի ծրագիր, որն ունի բոլոր այն հատկանիշները, որոնք առանձնահատուկ են որակ փոխող, կյանք փոխող ռեֆորմներին:
«Այն հավակնոտ է և համարձակ, այն իրատեսական է և ռացիոնալ, մենք ունենք կամք և համառություն՝ այն իրականացնելու:Մենք ակնկալում ենք Ձեր աջակցությունը ոչ միայն ապրիլի 2-ին՝ Ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը դրսևորելով, այլ նաև ապրիլի 2-ից հետո Ձեր արժանապատիվ մասնակցությունն ունենալով՝ մեր նոր Հայաստանը կառուցելու քրտնաջան աշխատանքում: Մենք միասին պետք է անցնենք այդ ճանապարհը և այդ ճանապարհին ՀՀԿ-ն պատրաստ է ձեր կողքին լինել ու պատասխանատվությունը վերցնել իր վրա: Սիրելի ժողովուրդ, ապրիլի 2-ին դուք որոշելու եք վաղվա Հայաստանը: Վերլուծեք բոլոր ծրագրերը, անցկացրեք ձեր միջով և որոշեք` ու՞մ եք դուք վստահելու երկրի անվտանգությունն ու առաջընթացը, ու՞մ եք վստահելու միջազգային հարթակներին մեր երկիրը ներկայացնելը, ու՞մ եք վստահելու ձեր երեխայի վաղվա օրը: Վստահեք մեզ, մեր թիմին, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Ուռա´»,- եզրափակելով խոսքն ասաց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Անվտանգություն և առաջընթաց, դա է մեր ժողովրդի արդար պահանջը
- Սերժ Սարգսյան. Ընտրե՛ք ում կուզեք, բայց ընտրելիս հիշե՛ք զավակին բանակ ուղարկած մայրերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին