ՀՀ Կառավարությունը շարունակում է անել ամեն հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան. Նալբանդյան
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր Հայաստան են ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությանը մասնակցելու նպատակով։
ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։
Նախարար Նալբանդյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության առավել ամրապնդման նպատակով խորհրդարանական քաղաքական խմբակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ համաձայնություն է ձեռք բերվել ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։ Նա հավելել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է անել ամեն հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։