Ցավում եմ, որ Սամվել Բաբայանի անունն այս ամբողջ պատմության մեջ կա. Արմեն Ռուստամյան
«Եթե հանցագործություն է կատարվում, ապա ժամանակահատվածը դրա հետ կապ չունի՝ ով էլ որ լինի, պետք է պատժվի»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց ՀՅԴ համապետական ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է Դաշնակցությունը գնահատում նախընտրական շրջանում նման ձերբակալությունները՝ հատկապես, որ ոչ վաղ անցյալում Դաշնակցությունը ունեցել է նման փորձ, Արմեն Ռուստամյանը նախ նշեց, որ Դաշնակցության պատմությունն ավելի տխուր է եղել, ընդհանրապես կուսակցությունն է փակվել:
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ Սամվել Բաբայանին ճանաչում են իր լավագույն հատկանիշներով, ազատագրական պայքարի ժամանակ նրա հետ համագործակցել են, և ցավում են, որ նրա անունն այս ամբողջ պատմության մեջ կա:
«Իհարկե, քանի օրենքով ուժի մեջ մտած դատավճիռ չկա, մենք պարտավոր ենք առաջնորդվել անմեղության կանխավարկածով: Այսինքն՝ մարդուն չի կարելի մեղավոր համարել, քանի վճիռը չկա: Բայց ինչպես ասում են՝ «ծուխն առանց կրակ չի լինում», հնարավոր է, որ մի բան էլ կա, բայց թե ինչ, դրան տեղյակ չեմ: Քննություն է ընթանում և անիմաստ, անլուրջ գործ է հիմա խոսել դրա մասին»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա չբացառեց, որ նախընտրական փուլում մարդիկ կարող են այդ փաստն օգտագործել և նրան «քաղբանտարկյալ» անվանել. «Քաղաքական բանտարկյալ լինելու համար ԵԽ-ն հինգ չափանիշ է սահմանել և եթե դրանցից որևէ մեկը կիրառվի իր նկատմամբ, ապա նոր կհամարվի քաղբանտարկյալ: Սակայն մասնագետները պետք է փորձաքննություն անցկացնեն, որպեսզի պարզեն, թե արդյոք այդ 5 կետերից որևէ մեկը խախտվել է»։
Իսկ նման հայտարարությունները, Արմեն Ռուստամյանն ասաց, որ լուրջ չի համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան