«Եզդիների կրոնական աշխարհայացքը» գիրքը նվիրված է հայ և եզդի ազատամարտիկների հիշատակին
Երևանի պետական համալսարանի հրատարակչությունում լույս է տեսել «Եզդիների կրոնական աշխարհայացքը» գիրքը, որտեղ ներկայացված են եզդիների հիմնական հավատալիքները, սրբավայրերն ու սրբությունները, ինչպես նաև եզդիների համար պարտադիր համարվող հիմնական կրոնական ծեսերն ու արարողությունները։
Գրքի հեղինակն է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Թերեզա Ամրյանը։
Գրիքի ստեղծման գաղափարի ու նպատակների մասին Panorama.am-ը զրուցել է հեղինակի հետ։
«Կարծում եմ, կարիք կար, որ հայալեզու ընթերցողը նույնպես հնարավորություն ունենար մայրենի լեզվով ծանոթանալ հայերի հետ կողք-կողքի բնակվող և միևնույն ճակատագիրը կիսող եզդիների կրոնին նվիրված մի համապարփակ գիտական ուսումնասիրության»,-ասաց գրքի հեղինակը:
Թերեզա Ամրյանը վստահ է, որ մեր հայրենակիցներից շատերը կհետաքրքրվեն գրքով և կցանկանան ավելի խորը գիտելիքներ ունենալ հարուստ մշակույթ և չափազանց յուրահատուկ աշխարհայացք ունեցող եզդի ժողովրդի կրոնի ու ավանդույթների վերաբերյալ. «Եզդիների կրոնին անդրադարձել են մի շարք օտարալեզու գիտնականներ և հեղինակներ: Հայերենով նույնպես կան գրքեր՝ նվիրված եզդիների կրոնի որոշ առանձնահատկություններին. դրանց մեծ մասը, սակայն, զուտ սիրողական բնույթ ունեն և գիտական մեթոդաբանության կիրառմամբ չեն մեկնաբանում եզդիական կրոնի իրողությունները»:
Հեղինակը պատմեց, որ օգտագործվել և վերլուծվել են եզդիական կրոնական տեքստերը, որոնք ավանդաբար, սերնդեսերունդ փոխանցվում են բանավոր ճանապարհով։
Նրա խոսքով՝ «Եզդիների կրոնական աշխարհայացքը» վերնագիրը կրող գիրքը տարիների ընթացքում կատարված հետազոտությունների արդյունքն է, որը հիմնված է թե՛ առկա գրականության մանրակրկիտ վերլուծության և թե՛ Հայաստանի եզդիական համայնքում իրականացրած դաշտային աշխատանքի վրա:
«Գիրքս նվիրել եմ մերօրյա հերոսների՝ հայ և եզդի ազատամարտիկների հիշատակին, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են մեր ընդհանուր հայրենիքի ազատագրության սրբազան գործին»,- հավելեց հեղինակը:
Թերեզա Ամրյանը տեղեկացրեց, որ ապրիլ ամսվա ընթացքում ԵՊՀ իրանագիտության ամբիոնում տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որից հետո գիրքը հասանելի կլինի ընթերցողին համալսարանի և Հայաստանի այլ գրադարաններում:
Լուսանկարները՝ իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Քյարամ Սլոյանի դպրոցում նախնական զինվորական պատրաստականության կաբինետը կոչվել է նրա անունով
- Քյարամ Սլոյանի իրերը հայրը զորամասից տուն է բերել
- Զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը մեկնում է Ղարաբաղ. ՀԺ
- Քյարամ Սլոյանի հայրը երկու օրից Արցախ է մեկնելու