Արսինե Խանջյան. Կարծում եմ, 25 տարվա ընթացքում շատ փողոց իջանք
Սոցիալական մեդիայում շատ դյուրին է բարկանալը, ձայն բարձրացնելը: Բայց ճիշտ է, երբ փողոց իջնեք, մեկ-երկու-…տասը օր, տասներորդ օրը բռնություն կիրառվի, այնտեղ է, որ ձեր համառ կամքը պետք է երևա: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ով սփյուռքահայ մի քանի գործիչների հետ Հայաստան է ժամանել որպես դիտորդ՝ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:
«Ես այս պահին բացարձակ չեմ քաջալերում, որ անպայման փողոց իջնեք: Կարծում եմ, 25 տարվա ընթացքում շատ փողոց իջանք: Կարողանալը փողոց իջնելը չէ»,-ասաց նա:
Խանջյանն ասաց, որ իրենք որևէ քաղաքական ուժի չեն աջակցում: Անդրադառնալով հայտարարություններին, թե իրենք Հայաստան են եկել օտար ուժերի հրավերով, Խանջյանն ասաց, որ նման խոսակցությունները ժամանկի կորուստ են:
«Այսօր կարող եմ ասել, որ կուսակցությունների գործը չէ որոշել, թե ով է հայն այսօր: Մեր հայությունը զգացական, մտավորական, լեզվի պատկանելության հարց է: Այսօր Սփյուռքն ու Հայաստանը մեկն են»,-ասաց նա, լրագրողներին հորդորելով ժամանակ չկորցնել նման խոսակցությունների վրա, քանի որ փաստեր չեն գտնելու:
Նա նշեց, որ ավանդական կուսակցությունների՝ Սփյուռքում գործող կառույցներն էլ նման լուրեր են տարածել, արգելել են նաև Սփյուռքի անդամներին մասնակից լինելու դիտորդական առաքելությանը:
Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանն ասաց, իրենց պայքարը միայն Հայաստանի ժողովրդավարության համար չէ, այլ Սփյուռքի, սակայն Սփյուռքն իրականում անջատ է:
«Դժբախտաբար սփյուռքահայության դերը Հայաստանում շատ անջատված է, մենք էլ նկատեցինք, և դա շատ գեշ բան է: Մեր պայքարը նաև Սփյուռքի մեջ է, դա շատ դժվար է և դա իրականություն է: Գլենդելում ապրող իմ հայրենակիցները շատ քիչ են հետաքրքրված Հայաստանի իրավիճակի մասին, ոչ թե չեն ուզում, այլ իրենց կյանքը շատ տեղական է, նույնը Ռուսաստանում: Մեկ Սփյուռք չկա իրականությունում, և մեկ բերանով ամբողջ Սփյուռքի մասին չենք կարող խոսել»,-ասաց Թանկյանը:
Նրա խոսքով, իրեն ցանկանում են անել իրենց սրտի ցանկությունները, մղումները, ցանկանում են զորացնել Սփյուռքի միջև կապը: