Դավիթ Բաբայան. ԵԱՀԿ համանախագահների այցը կարևոր էր և հետաքրքիր
Շատ կարևոր էր ԵԱՀԿ համանախագահների այցն Արցախ, նաև հետաքրքիր էր այն առումով, որ երեք համանախագահներից երկուսը նորանշանակ են և նրանք առաջին անգամ էին այցելում Արցախ: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Արցախ կատարած այցին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը
Նրանք շրջեցին Արցախում, եղան երկրի հարավային, հյուսիսային շրջաններում, եղան Ստեփանակերտում, հանդիպեցին նախագահ Բակո Սահակյանի և մի շարք այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև ունեցան ոչ ֆորմալ հանդիպումներ: Այս առումով ճանաչողական այց էր, որը շատ կարևոր է:
Բաբայանը այցը կարևորեց նաև այն առումով, որ համանախագահները առարկայական քննարկումներ են ունեցել զինադադարի խախտման մեխանիզմների ներդրման առնչությամբ Սանկտ-Պետերբուրգում և Վիենայում ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի նախօրեին արած հայտարարությանը, որն ըստ էության կրկնում էր նախորդիվ նմանատիպ հայտարարությանը, թե իբր Արցախի հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին հարցն է և ոչ մի միջազգային կազմակերպություն կամ այլ երկիր իրավունք չունի խառնվելու Ադրբեջանի ներքին գործերին, Բաբայանը նշեց, որ սա Ալիևը կողմից ակնհայտ արհամարհական վերաբերմունք է համանախագահների նկատմամբ, քանզի նման հայտարարություն է արել եռախագահների այցից անմիջապես հետո:
«համանախագահները այս ամենը տեսնելով, կարծում եմ, հասկանում են, ում հետ գործ ունենք: Այդ հոգեկան շեղումներով պահվածքով ղեկավարի ու երկրի հետ գործ ունենալ: Հայտարարությունները նորմալ երկրի համար շատ տարօրինակ են: Եվ համանախագահները, ինչպես նաև միջազգային հանրությունը լսելով այդ ամենը, պետք է համապատասխան հետևություններ անեն, քանի որ սա կոշտ նացիստական ահաբեկչական հանցագործ քաղաքականության դրսևորում է»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ Ալևը նման հայտարարություններ շատ է անելու, քանի որ նրա հեղինակությունը՝ կապված կնոջը առաջին փոխնախագահ նշանակելու հետ, զգալիորեն խարխլվել է:
Բաբայանը հումորով նշեց, թե «զարմանալին այն էր, թե ինչու Ալիևի կինը զինվորականների հետ հանդիպման ժամանակ ներկա չի եղել համապատասխան համազգեստով և հայտարարությունից հետո կարելի էր Մեհրիբան Ալիևային շքանշանով պարգևատրել, ինչպես պարգևատրում են իրենց «հերոսներին», որպեսզի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալը նույնպես ընկալվի որպես մեծ ռազմական գործիչ:
«Մենք գործ ունենք մի երկրի հետ որտեղ կառավարման համակարգը արատավորէ հիվանդ է: Այդ երկրի ղեկավարն իրեն ուզում է ցույց տալ իբրև խան, ու այդ ցուցադրելու ձևերից մեկն էլ նման հռետորաբանությունն է, որը նաև կապված է ներքին տնտեսական խնդիրների խորացման հետ»,- եզրափակեց Բաբայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան