Հերոսները մեր կողքին. Ուղղաթիռ խոցած Նարեկը 21 տարեկան է
Ապրիլյան պատերազմին հազարավոր հայ զինվորներ հակառակորդին ցույց տվեցին, որ Արցախյան պատերազմ տեսած իրենց հայրերի նման պատրաստ են կռվել հայրենի հողի ամեն թիզի համար, նրանք դա ապացուցեցին իրենց գործած սխրանքներով, իրենց հերոսություններով:
Ապրիլյանի հերոսներից մեկն էլ Նարեկ Մալխասյանն է, հակառակորդի ուղղաթիռը հակատանկային նռնականետով խոցած Նարեկը:
Այսօր Նարեկ Մալխասյանի ծննդյան օրն է: 21-ամյակը նա նշելու է ընտանիքի, հարազատների և ընկերների հետ, բայց նրան կշնորհավորեն ոչ միայն ճանաչողները: Մեկ տարի առաջ այս օրը ժամկետային զինծառայողը չէր էլ կարող պատկերացնել, որ ժամեր հետո դառնալու է բոլորի Նարեկը:
Նա Բարձրաշեն գյուղից է: Մինչ բանակ զորակոչվելը սովորել է Հայ-հունական պետական քոլեջում՝ ձեռք բերելով գինու-կոնյակի տեխնոլոգի մասնագիտություն։ 2014 թվականի հունիսի 24-ին զորակոչվել է բանակ, ծառայության անցել Ջրականում (Ջաբրայիլ), ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավ-արևելյան հատվածում։
22 ամսվա ծառայող էր, երբ սկսվեցին ապրիլյան մարտական գործողությունները: Ապրիլի 1-ին Նարեկը դիրքերում նշում է 20-ամյակը ու ընկերներին ասում, որ ծառայության ընթացքում մի հերոսություն չարեցին, բայց ինչ իմանար, որ ժամեր հետո իր կատարած հերոսական սխրանքի մասին անգամ սերունդներն են հիշելու:
Panorama.am-ի հետ զրույցում իր հերոսական քայլի մասին Նարեկ Մալխասյանը պատմում է համեստորեն՝ նշելով, թե հայրենիքի նկատմամբ իր պարտքն է կատարել:
Նարեկը մտովի վերադառնում է 2016 թվականի ապրիլի 1-ը և հիշում մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները. «Ապրիլի 1-ին բարձրացանք դիրքեր։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հակառակորդի հրետանին սկսեց աշխատել: Նմանատիպ գործողություններ հակառակորդի կողմից դեռ չէինք տեսել: Արդեն պարզ էր, որ պատերազմ է: Գումարտակի հրամանատարի կողմից հրանգավորվել էինք, որ մեր դիրքի դիմաց տանկերի կուտակումներ են նկատվում, պետք է ավելի զգոն լինեինք, քանի որ ամեն պահի սպասվում են ակտիվ գործողություններ։ Այսինքն՝ գիտեինք ինչ է լինելու ու պատրաստ էինք, ուղղակի տանկի փոխարեն այդ պահին ուղղաթիռ եկավ»:
Նարեկն այստեղ կանգ է առնում ու ժպտալով ավելացնում, որ փաստորեն տանկերի փոխարեն ուղղաթիռ խոցեցին:
«Ժամը 12-ին իմ հանգստի ժամն էր, բայց այդ ժամանակ հակառակորդի ուղղաթիռն ուղղվեց մեր կողմը, ես այդ ձայնից անմիջապես դուրս եկա կացարանից ու տեսա, որ ուղղաթիռն արդեն մեր դիրքի մոտ է: Այդ պահին միայն մեկ բան կարող էինք անել՝ կրակել»,- ասում է Նարեկն ու հավելում, որ պետք է գործեին արագ և ճշգրիտ, և նռնականետն արագ ուղղում է դեպի ուղղաթիռն ու խոցում:
Այդ ընթացքում ոտքի բեկորային վիրավորում է ստանում, սակայն ոչ մեկին չի ասում, միայն երկու օր հետո ոտքը բորբոքվելուց հետո նրան տեղափոխում են հոսպիտալ: Այդ դիրքում երկրորդ վիրավորը դիրքի ավագ Արման Մալխասյանն էր: Երկու Մալխասյանները հետո միայն պետք է պարզեին, որ հեռավոր բարեկամներ են:
Նարեկն իրեն հերոս չի համարում. «Ես հերոս չեմ, հերոսներն այս պահին առաջնագծում կանգնած բոլոր տղաներն են, որոնք հսկում են մեր հանգիստը, որ գիշերը մեր գլուխը դնում ենք բարձին ու խաղաղ քնում, դա նրանց շնորհիվ է: Հերոս էդ տղերքն են»:
Զինծառայությունից հետո դժվարությամբ է վերադառնում առօրյա կյանքին, անդադար մտածում է պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների, կորցրած ընկերների մասին:
«Պատերազմը դաժան բան է»,- ավելացնում է Նարեկը:
Քառօրյա պատերազմի բովով անցած Նարեկ Մալխասյանը երազել չի սիրում, պարզապես փորձում է իր առաջ նպատակներ դնել ու հասնել դրանց: «Հիմա ինձ համար կարևորը կրթությունն է»,- ասում է և ժպտալով ավելացնում. «Ամուսնանալ ներկա պահին չեմ ցանկանում, ընկերուհի էլ չունեմ»:
Ծառայությունից վերադառնալուց հետո կյանքի հանդեպ հայացքները, հետաքրքրությունները փոխվել են: Նարեկը խոստովանում է, որ ապրիլը շատ բան փոխեց ոչ միայն իր, այլ շատերի կյանքում:
«Եթե ապրելակերպում չի փոխվել, ապա մտածելակերպում որոշ բաներ փոխված կլինեն»,- ասում է նա:
Նարեկ Մալխասյանն այսօր սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, մասնակցում է սպայական դասընթացների, որից հետո որպես սպա ծառայության կանցնի Հայոց բանակում: Միաժամանակ ցանկանում է ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
Նշենք, որ Նարեկ Մալխասյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալով։
Մենք էլ բոլորի հետ ասում ենք՝ ծնունդդ շնորհավոր,
Նարեկ:
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան