Ծառատունկ Ապրիլյանի տղաների հետ, փոխարեն ու հիշատակին
Ապրիլյան քառօրյա պատերազմին՝ ապրիլի 3-ին, Մատաղիսում` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների ժամանակ գլխի բեկորային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Դանիել Դավթյանը դեռ շարունակում է իր բուժումը: Ունի ձախակողմայն թուլություն, աչքերի ձգվածություն: Այսօր նա ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում ծառ տնկեց՝ ի հիշատակ զոհված մարտական ընկերների:
«Ապրիլյան դեպքերին մենք զգացինք, որ մենք ուժեղ ենք, մենք դիմակայուն տղերք ենք, ապացուցեց, որ մենք հզոր ենք, մեր երկիրը շատ հզոր է։ Մեր բոլոր տղաները, ինչքան որ մենք զոհ ունեցանք քառօրյա պատերազմում, մեր փառքն են, մեր հզորությունն են՝ կապ չունի, որ իրանք զոհվել են: Ես իրանց շատ հարգում ու սիրում եմ,», -լրագրողների հետ զրույցում ասաց Դանիելը։
Նա նշեց, որ այսօր որևէ նպատակ չունի. «Մինչև վիրավորվելս նպատակներ ունեի, որոնք չիրականացան: Այդ իսկ պատճառով հիմա որևէ նպատակ չեմ դրել իմ առջև, որոշել եմ լիովին առողջանալ ու հին նպատակներս իրականացնել: Նպատակ ունեի՝ բանակից վերադառնայի, աշխատեի, ամուսնանայի: Նման լիքը լավ-լավ նպատակներ»:
Արմենակ Առուստամյանը վիրավորում է ստացել է մարտական դիրքերում 60 մմ-անոց ականանետից: Հիմա վերականգնողական բուժումներ է ստանում:
Նա ապրիլյան պատերազմին չի մասնակցել, քանի որ մինչ այդ է արդեն վիրավորված եղել, բայց միշտ իմացել է 18-20 տարեկան տղաների հզորությունը, ուժը, իսկ ապրիլյան դեպքերից հետո, նրա խոսքով, այդ մասին իմացել է ողջ հասարակությունը:
«Մենք դասեր չենք քաղել այդ դեպքերից, մենք դասեր ենք տվել»,- ասաց Արմենակը:
Գոռ Դարմանյանը վիրավորվել է 2015 թվականի մարտի 19-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխելու ժամանակ։ Գոռն այժմ սովորում է Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Առաջնագծում ծառայող տղաներին խորհուրդ է տալիս զգոն լինել։
«Պետք է միշտ զգոն լինենք, դիրքերը միշտ պետք է պինդ պահենք»,- ասաց նա:
Տիգրան Մանսուրյանը նշեց, որ անցած տարվա չարագուշակ ապրիլից հետո եկել է այսօրվա գեղեցիկ ապրիլը, գնում են դեպի ապրիլի 24՝ հիշելու ոչ միայն մեր նահատակներին, նաև հայոց բանակի զոհված քաջորդիներին:
«Ես և Դանիելը, ով անցել է ռազմի դաշտով, միասին ծառ տնկեցինք: Սա իր մեջ, անշուշտ, կյանքի շարունակականությունն է խորհրդանշում, կյանքին կյանք տալու արարողություն է»,- ասաց մաեստրո Մանսուրյանը:
Լուսանկարները՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին