Առաջարկվում է պետությունն իր վրա սոցիալապես անապահով խմբերի ապահովագրավճարի փոխհատուցումը
ՀՀ կառավարություն կներկայացվի փաթեթ, համաձայն որի պետությունն իր վրա կվերցնի երկրի սոցիալապես անապահով խմբերի՝ 1,2-1,5 մլն բնակչության ապահովագրավճարի փոխհատուցումը,-Եղեգնաձորի բուժկենտրոնում աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, անդրադառնալով կենտրոնում տարբեր նեղ մասնագիտական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ բժիշկների առաջարկներին՝ նախարարը պարզաբանել է, որ այժմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ մշակվում է երկրի բնակչության թվաքանակին անհրաժեշտ ծառայությունների, ինչպես նաև դրանց հասանելիության նորմատիվներ:
Այնուհետև, Եղեգնաձոր-Վայք մայրուղու Մալիշկա գյուղի հարևանությամբ գտնվող հատվածում նախարարը մարզպետի հետ ծանոթացել է ներդրումային ծրագրով Մարզային հիվանդանոցի տիպային բժշկական կենտրոնի նախագծին: Համաձայն դրա հիվանդանոցային ծառայությունները կկենտրոնանան երկու քաղաքից հավասարապես հեռու նախատեսվող հիվադանոցում, իսկ ամբուլատոր ծառայությունները կշարունակվեն մատուցվել նախկին կենտրոններում։
Որոշվել է նախատեսվող հիվանդանոցի նախագիծը ներդրողներին ներկայացնելուց առաջ ևս մեկ անգամ մանրամասն քննարկել։
«Մեր բոլոր ծրագրերն ուղղված են բնակչությանը որակյալ, պատշաճ բժշկական օգնություն ապահովելուն, բյուջետային սուղ միջոցները արդյունավետ ծախսելուն, ինչպես նաև բուժանձնակազմի արժանապատվությունը բարձր պահելուն».-ասել է նախարար Ալթունյանը: