Լռության օր է
Վաղը Հայաստանում Ազգային Ժողովի ընտրություններ են: Քաղաքացիները ընտրություն են կատարելու գրանցված 5 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների միջև: Քվեարկության նախորդող օրը՝ ապրիլի մեկին լռության օր է: Օրենքով արգելվում է այսօր քարոզչություն իրականացնել:
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են՝ «Ելք», Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան, «Ծառուկյան», Կոնգրես-ՀԺԿ դաշինքները, Հայաստանի Հանրապետական, Հայաստանի կոմունիստական, Ազատ դեմոկրատներ, Հայկական վերածնունդ, ՀՅԴ կուսակցությունները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպության թվով 28 021 դիտորդ:
Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են հետևյալ միջազգային կազմակերպությունները` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան:
Սահմանված ժամկետում ԿԸՀ-ում հավատարմագրվել են 89 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 1 244 ներկայացուցիչներ: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով հավատարմագրվել է 31 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոց:
Ձևավորվել են 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովներ: Հանձնաժողովների ավելի քան 16 հազար անդամների համար անցկացվել են վերապատրաստման դասընթացները:
2009 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև հետևյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 893-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 625 -ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 156 -ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 112 -ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ) 112 -ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 111 -ական:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին