Հայաստանում մոլիբդենի, պղնձի արտադրության ծավալներն աճել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 63,6 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,5%-ով։
Նշված ժամանակահատվածում ցինկի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 13.5%-ով և կազմել 1 247 տոննա, մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները՝ 11.9%-ով և կազմել 1 804 տոննա։
2016 թվականի հունվար-փետրվարի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 36.1%-ով աճել են նաև ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները՝ կազմելով 1 162 տոննա:
Վիճակագրությունից նաև տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-փետրվարին 2.3 անգամ աճել է պողպատյա խողովակների արտադրությունը և կազմել 1 149 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալները նախորդ տարվա նշված ժամանակահատվածի համեմատ աճել են 2.5%-ով՝ կազմելով 4 804 տոննա։
ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում 17.4%-ով միայն նվազել է կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները և կազմել 1 917 տոննա։