Մեկնարկել են Ասկերանի բերդի վերականգնման աշխատանքները
Արցախի Հանրապետությունում մեկնարկել են Ասկերանի բերդի` Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին հարող հատվածի, վերականգնման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ. պետբյուջեից հատկացվել է 51 միլիոն ՀՀ դրամ:
ՀՀ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջում: «Տիգրանակերտ»-ի արգելոց տանող զբոսաշրջային երթուղու վրա գտնվող և 18-րդ դարով թվագրվող Ասկերանի բերդը զբոսաշրջիկների պակաս չի ունեցել, բայց վերականգնման աշխատանքներից հետո կմեծանա բերդի գրավչությունն ու այն զբոսաշրջիկներին կներկայանա նորովի:
Մինչև նախորդ դարասկիզբը Ասկերանի բերդն Արցախի պաշտպանական համակարգի կարևորագույն օղակներից մեկն է եղել: Արցախյան գոյամարտի տարիներին հարավահայաց աշտարակի մի մասը վնասվել, հետո` փլվել է: Աշտարակի վերին հատվածում դեռ պահպանվում են 90-ականների պատերազմի հետքերը:
Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արման Գրիգորյանի փոխանցմամբ` ներկայումս ցանկապատվել է Ասկերանի բերդի ճանապարհամերձ տարածքը, վերականգնվում են պարսպի՝ ճանապարհի հարակից հատվածները, փակվում և ամրացվում են պարսպին առկա ճեղքերը, վերականգնվում հրակնատները, որոնց հարթակն ամբողջությամբ սալիկապատվելու է:
Ծրագրի պատասխանատուները հուսով են, որ այս տարվա նախագծով կավարտվի հարավ-արևելյան պարսպի և երկու աշտարակների վերականգնումը և Ասկերանի բերդն ավելի աչքառու կդառնա:
ԱՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով, վերին հարթակի եզրով երկաթե բազրիք կլինի, նաև` երկաթե բարձր աստիճանավանդակ, աշտարակներին ևս աստիճաններ կկառուցվեն: Այս ամենը հնարավորություն կտա վերևից զմայվել հուշարձանի ողջ տեսքով:
Ասկերանի բերդը կառուցվել է միջնադարում: Այն հայտնի է նաև Մայրաբերդ անունով: Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Կարկառ գետի ստորին հատվածում` Ստեփանակերտից 14 կմ դեպի արևելք: Ուսումնասիրությունները վկայում են, որ ամրոցը կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ խանական տիրապետության ժամանակաշրջանում: Շինարարությունն սկսվել է դարի 50-ական թվականներին և ավարտվել` 1788-89թթ.: Ասկերանի ամրոցը կազմված է երկու բաժանմունք-համալիրներից՝ ձախակողմյան՝ հյուսիսարևմտյան և աջակողմյան՝ հարավարևելյան: Ձախակողմյան համակառույցն ունի ավելի քան 140մ երկարություն, 8-9մ բարձրության ամրոցապատեր ու ավելի քան ութ աշտարակներ: Աջակողմյան գլխավոր ամրոց-համալիրը ձգվում է շուրջ 220 մ երկարությամբ: Բաղկացած է աշտարակներից, դրանք միացնող զույգ պարսպապատերից, պաշտպանական այլ շինություններից: Աշտարակների բարձրությունը 5-8 մ է: Ուշադրություն են գրավում հատկապես զույգ պարսպապատերը՝ նախատեսված զորամիավորումների աննկատ տեղաշարժի համար: Ասկերանի ամրոցն այսօր էլ չի կորցրել իր վաղեմի դերն ու նշանակությունը:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից: