Ապրիլյանի հերոսներից Հարությունի ծննդյան օրն է
Հարություն Բադալյանն այս տարի էլ չի նշի ծննդյան տարեդարձը: Մեկ տարի առաջ մարտի դաշտում ընկան ընկերները: Եվս մի քանի ժամ կլինի հարազատների կողքին, կպատասխանի ծանոթ ու անծանոթ մարդկանց զանգերին, ապա կեսգիշերին կբարձրանա ծառայակից ընկերների հետ Եռաբլուր զինվորական պանթեոն:
Մեկ տարի առաջ այս ժամերին էր, որ Թալիշում ժամկետային զինծառայող Հարություն Բադալյանը հրաման ստացավ՝ ականանետով շարքից հանել հակառակորդի դիրքը: Մինչ այդ հակառակորդի դիպուկահար կրակոցից նա կորցրել էր ընկերոջը՝ Վլադիմիր Մելքոնյանին, ում ընկերներն ու հարազատները Վլե էին ասում:
«Դիրքում մեկ ականանետ կար: Դա էլ ես էի կրակում: 36 արկ կրակելուց հետո 2 զոհ, 7 վիրավոր տվեցի: Հետո արդեն գիշեր էր, սկսվեց…»,-Panorama.am-ին ասաց Հարությունը:
Այսօր տրամադրությունը բարձրացնելու համար հարազատներն ամեն ինչ արել են, կեսգիշերից սկսած զանգեր, կատակներ, նվերներ:
«Կհավատա՞ք, բազամթիվ զանգեր եմ ստացել, ֆեյսբուքով շնորհավորանքներ: Շատ-շատ: Մեծ մասին չեմ ճանաչում»,-ասում է Հարությունը:
Հարցնում եմ՝ կա՞ մեկը, որի զանգին սպասում է, բայց դեռ չի զանգահարել: Արագ գլխի է ընկնում:
«Ինչ-որ մի աղջի՞կ: Չէ, չէ, չէ»,-ասում է ու երկար ծիծաղում:
Մի հարցազրույցում նա ասել էր. «Քաղաքացիական կյանքն ավելի դժվար է, քան բանակում ծառայելը: Վախենում եմ իմ երկրորդ կեսն ընտրելուց»:
Հարությունն այժմ սովորում է Տնտեսագիտական համալսարանում, սովորելուն զուգահեռ աշխատում է: Ծառայության ընթացքում մտածում էր վերադառնալ, աշխատել ու ապրել ինչպես բոլորը: Հիմա ասում է, ամեն վայրկյան հայրենիքին օգտակար լինելու մասին է մտածում:
Ասում է՝ հարկ եղած դեպքում էլի ամենավտագավոր դիրքում կլինի:
21 տարեկան այսօր լրացած Հարությունը ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Հայկյան մրցանակաբաշխությունից հետո:
Լուսանկարները՝ Հարությունի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան