Երևանում դեղագործական ընկերություն բացվեց
Երևանում այսօր տեղի ունեցավ «Թուֆենքչի գրուպ» դեղագործական ընկերության պաշտոնական բացումը։
«Այս ընկերության բացումը մեզ համար կարևոր նշանակություն ունի որպես ևս մեկ հաջողված գործարար նախաձեռնություն Հայաստանում: Սակայն այսօրվա միջոցառումն առավել նշանակալի և ուրախալի է այն իմաաստով, որ ընկերությունը հիմնվել է սիրիահայ գործարարի կողմից»,-ասել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նա նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նման գործարար ծրագրերը Հայաստանում իրագործելու համար:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ընկերության գործադիր տնօրեն Կառլո Գասպարը նշել է, որ դժվարությունները հաղթահարվել են ու հաղթահարելի են, և դրանք չեն կարող խանգարել նպատակին հասնելուն, իսկ «Թուֆենքչի գրուպ» ընկերության նպատակն է թողարկել միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ դեղագործական արտադրանք և այն իրացնել ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում:
«Թուֆենքչի գրուպ» դեղագործական ընկերությունը կարտադրի ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելումներ, վիտամիններ, հակադիաբետիկ դեղեր և այլն։ Այս նպատակով արդեն իսկ կատարվել է ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
2017 թվականի ընթացքում «Թուֆենքչի գրուպ» ընկերությունը նախատեսում է արտադրել 350-400 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, ստեղծել 20-25 աշխատատեղ: Հետագայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, ինչի արդյունքում կստեղծվի ևս 50-60 աշխատատեղ:
Ընկերությունը նպատակ ունի արտահանել իր արտադրանքը Սիրիա, Լիբանան, Հորդանան, Լիբիա, Ալժիր, Եմեն և այլ երկրներ։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստանի տնտեսական զեկույց 2016»-ը նվիրված է երկրում սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը
- «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում». բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը շարունակվում է
- Սիրիահայ մշակույթի շունչը՝ Երևանում
- Հայաստանում արտադրված արտադրանքը քաջալերելու միջավայր չկա. սիրիահայ գործարար
- Սիրիահայերը հանդիպել են հավանական գործատուներին
- «Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն». վարչապետ
- «Նոր որակի զարդ էր». Հրանուշ Հակոբյանը սիրիահայ վարպետից մատանի է գնել