Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
«Ամեն մի ժողովուրդ կերազեր ունենալ Խորեն Աբրահամյանի նման դերասան: Ամեն մի ժողովուրդ կհպարտանար Խորեն Աբրահամյանով»,- ասել է մեծանուն դերասան Սոս Սարգսյանը:
Խորեն Աբրահամյանի կերտած յուրաքանչյուր կերպար՝ թե թատրոնում, թե կինոյում, իրոք, հպարտության զգացում է առաջացնում, որ նա հայ դերասան է:
Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է. 1930թ. ապրիլի 1-ին Երևանում:
Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր: 1979–1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985–1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։
Աբրահամյան-կինոդերասանի հաջողությունը սկսվել է 1958 թ-ին նկարահանված «Առաջին սիրո երգը» կինոնկարում գլխավոր հերոսի՝ Արսեն Վարունցի դերակատարումով: Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով՝ Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977 թ.), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թ.) և այլն։ Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»։
Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» , Պ. Զեյթունցյանի«Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։ 2000 թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։ Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն)։ Հայտնի էր նաև որպես ասմունքող։
Խորեն Աբրահամյանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
«Պարզ երկինք, ու հանկարծ կայծակի պայթյուն: Խորենի մահվան բոթը: Պանթեոնը այսօր հարստացավ, աղքատացավ մեր թատերական աշխարհը: … Խորիկ ջան, լավ չարիր: Դու միշտ ասում էիր, որ մենք փոքրաթիվ ենք որպես ազգ, բայց ծնում ենք համաշխարհային մեծություններ: Իհարկե, այսօր էլ հայտնի է դառնում, որ այդ մեծերից մեկը դու ես: Գնա՜ս բարով, մեծ դերասան, գնա՜ս բարով, մեծ արվեստագետ, զարմանալի հայ, գնա՜ս բարով, իմ սիրելի ընկեր:
Ամեն մի մեծ դերասանի հուղարկավորություն դառնում է ներկայացում: Այսօր Խորենը մասնակցեց իր վերջին ներկայացմանը»,- ասել է Սոս Սարգսյանը:
Լուսանկարները՝ տարբեր աղբյուրներից: