Նինոծմինդայի ծննդատունը հնարավոր է փակվի
Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա քաղաքի ծննդատանն անցկացված ստուգման արդյունքում «Էվեքս» ընկերության տեղի հիվանդանոցի սեփականատիրոջը տրվել է թերությունները վերացնելու և չափանիշների անհամապատասխանությունները կարգավորելու վերջնաժամկետ: Հակառակ դեպքում առողջապահության նախարարությունը կփակի ծննդատունը:
jnews.ge-ն գրում է, որ մարտի 28-ին Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցում անցկացվել է ծննդատան աշխատանքի գնահատում: Ստուգումն անցկացվել է պերինատալ վերակազմավորման շրջանակներում, որը անցկացնում է առողջապահության նախարարությունը: Այս բարեփոխումների նպատակն է բարելավել երկրում պերինատալ (ծննդական) ծառայությունները:
Ստուգումն իրականացվել էր պարզելու, թե ինչ մակարդակի է Նինոծմինդայի շրջանի ծննդաբերական բաժանմունքը: Ծննդատանը կան խնդիրներ, թերություններ սարքավորումների և կադրերի առումով:
«Նախարարությունը զգուշացրել է հիվանդանոցին, որ երեք ամսվա ընթացքում կլինիկան պետք է լուծի իր խնդիրները», – պատմեց առողջապահության փոխնախարարի խորհրդական Էկա Փեստվենիձեն:
Երեք ամիսը լրանալուց հետո նեոնատոլոգ փորձագետը, մանկաբարձ-գինեկոլոգ փորձագետը և նախարարության ներկայացուցիչը նորից կլինիկայում կանցկացնեն փորձաքննություն և կգնահատեն, թե որքանով է կլինիկան համապատասխանում առաջին մակարդակի չափանիշներին: Եթե կլինիկան չհամապատասխանի այդ ստանդարտներին, առաջ կդրվի Նինոծմինդայի ծննդատունը փակելու հարցը:
Բոլոր այդ թերությունները, որոնք հայտնաբերել է հանձնաժողովը, պետք է վերացնի «Էվեքս» ընկերությունը, որը Վրաստանում ունի մեծ թվով բժշկական կլինիկաներ, որոնց թվում Նինոծմինդայի հիվանդանոցը: