Ներդրված են բոլոր մեխանիզմները, որ ընտրակաշառքն ունենա զրո ազդեցություն. Արփինե Հովհաննիսյան
«Քվեարկել եմ հանուն Հայաստանի վաղվա օրվա: Կարծում եմ՝ բոլորս ենք այդպիսին պատկերացնում Հայաստանի վաղվա օրը՝ առաջընթաց ապրող, անվտանգ, ապահով Հայաստան»,- ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նա ընդհանուր առմամբ քարոզարշավը նորմալ է գնահատում. «Եղել են դրվագներ, որոնք ցանկալի էին, որ չլինեին: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ օրենքի շրջանակում է տեղի ունեցել քարոզարշավը: Ակնառու խնդիրներ, որոնք կարող էին ստվերել ընդհանուր ամբողջ գործընթացը, չեն եղել»:
Ինչ վերաբերում է ընտրախախտումներին և հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն ստացել է ընտրախախտումների մասին ահազանգեր, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին տեղյակ չէ, թե շտաբում ինչպիսի տեղեկատվություն կա:
«Մամուլից ծանոթ եմ, որոշակի այլ կուսակցությունների կողմից բարձրաձայնումներ եղել են: Բայց դրանց վերաբերյալ արձագանքն ինչպիսին է, համապատասխանում են իրականությանը, թե ոչ, տեղեկատվություն չունեմ: Բայց մի բան ցանկալի է, հորդորում եմ մյուս քաղաքական ուժերին էլ, որպեսզի լայնամասշտաբ խախտումների պատրանք չստեղծեն անընդհատ-անընդհատ ասելով: Իրականում եթե կա որևէ խնդիր, դրան անպայման արձագանք լինելու է՝ հաշվի առնելով գրեթե բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությունը, դիտորդների աննախադեպ բարձր թիվը, առհասարակ ամբողջ հսկողական մեխանիզմները, որոնք ներդրված են»,- ասաց արդարադատության նախարարը:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ ներդրված են բոլոր մեխանիզմները, որ ընտրակաշառքն ունենա զրո ազդեցություն. «Այդ մասին փաստում եմ ոչ միայն ես, այլ նաև մեր ընդդիմադիր գործընկերները»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան