Լևոն Բարսեղյանն ամփոփում է ընտրախախտումների բնույթը
«Քաղաքացի դիտորդ» հասարակական նախաձեռնության կազմում ընդգրկված մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ ԱԺ ընտրությունների ողջ օրվա ընթացքում հավաքագրել են իրենց կողմից արձանագրված խախտումները և հրապարակել են վերլուծություն, որտեղ տոկոսային հարաբերակցությամբ ներկայացված են հիմնական խախտումները, դրանց բնույթը, խախտող անձանց կարգավիճակը և բողոքարկման ընթացքը:
Ըստ «Քաղաքացի դիտորդ» հասարակական նախաձեռնության՝ հիմնական խախտումներն են եղել.
Տեխնիկական սարքի խափանում կամ բացակայություն (9.4%), ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության խախտում (8.4%), մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասի մոտակայքում (7%), ընտրողների հուշում կամ ուղղորդում (5.8%), թեքահարթակի բացակայություն (5.1%), վկայական չունեցող կամ սահմանվածից ավելի ներկայացուցիչ ունեցող անձանց ներկայություն տեղամասում (4.5%):
Արձանագրված խախտումների 59.7%-ը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը որակել է որպես «Այլ» և «Մնացածը», ինչից պարզ չի դառնում, թե կոնկրետ ինչ բնույթի խախտումներ են եղել արձանագրված դեպքերի մեծամասնությունը:
Մեզ հետ զրույցում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն այս կապակցությամբ նշեց, թե կան ընտրախախտումների դասակարգման 40-ից ավել չափորոշիչներ, որոնք ահռելի փունջ են ներկայացնում, ու օպերատիվ աշխատանքային պայմաններում հնարավոր չի եղել դրանք լրիվ բացված ներկայացնել, և դրա համար ժամանակ է պահանջվում:
«Այլ» և «Մնացածը» բաժինների մեջ ամփոփված են տարատեսակ ու բազմազան ընտրախախտումներ՝ սկսած ընտրատեղամասերի բացման ժամի ուշացումից, վիճակահանությունից, սեյֆի տեղում լինել-չլինելուց, մինչև բաց քվեարկություն, քվեաթերթիկները ավել կամ պակաս տալ, և այլն»,-պարզաբանեց Լևոն Բարսեղյանը:
Հայտնաբերված խախտումների 29.8%-ը լուծվել է, 24.2%-ը չի լուծվել, իսկ 45.9% դեպքերում անորոշ է:
Լեվոն Բարսեղյանը պարզաբանեց, որ անորոշ են այն դեպքերը, որոնք դեռ քննարկման փուլում են, կան դեպքեր, որ դեռ տեղամասային և տարածքային ընտրական հանձնաժողովների հետ քննարկման փուլում են:
Խախտում կատարած անձանց 63.2%-ը անորոշ է, որոնք, ըստ «Ասպարեզ» ակումբի ղեկաբարի, եղել են կողմնակի անձինք, հնարավոր չի եղել նույնականացնել: 11.6% դեպքերում դա եղել են տեղամասային հանձնաժողովների նախագահները, 11.3% դեպքերում՝ ընտրողները, 4.1% դեպքերում՝ հանձնաժողովների անդամները և 9.1% դեպքերում ընտրախախտումներ են թույլ տվել դիտորդները, վստահված անձինք և այլն:
Ըստ դիտորդական նախաձեռնության վիճակագրության՝ բողոքարկվել է արձանագրված խախտումների 0.9%-ը, չի բողոքարկվել համապատասխանաբար 99.1 %-ը:
«Դեպքերի մեծ մասը չի հաջողվել բողոքարկել, որովհետև հանձնաժողովների անդամներն ուղղակի թույլ չեն տվել արձանագրված խախտումն արձանագրել գրանցամատյաններում: Դրա համար էլ ունենք խախտումները չբողոքարկվելու նման մեծ ցուցանիշ»,-մեզ հետ զրույցում պարզաբանեց Լևոն Բարսեղյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Եթե փաստ կա, թող հրապարակեն». Գոռ Ղլեչյանը «Անկախ դիտորդ»-ի հայտարարության մասին
- «Անկախ դիտորդ». Տեսողության խնդիր ունեցող անձանց քվեարկության համար միջոցներ նախատեսված չեն տեղամասերի 49 %-ում
- «Քաղաքացի դիտորդ». Բաց քվեարկության 52 դեպք՝ ժամը 12։00-16։00
- Ոստիկանությունը՝ դիտորդին դանակով սպառնալու մասին
- ԵԱՀԿ դիտորդ. Հուսով ենք մարդկանց վերաբերմունքն ընտրությունների հանդեպ կփոխվի