Գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրվել է 970 հաղորդում
Ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 970 հրապարակում:
Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ չեն պարունակում:
Ուսումնասիրված հրապարակումներից 131-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել: Այդ 131 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:
Նշված 131 հաղորդումներից 48-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 26-ը քվեարկության գաղտնիության խախտմանը, 23-ը ուղղորդման, 15-ը ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներության խոչնդոտման, 11-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 8-ը ընտրակաշառք տալու դեպքերին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանը Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանն ասաց, որ աշխատանքային խումբը շարունակում է ինտենսիվորեն գործել, այս պահին ևս ուսումնասիրություններն ընթանում են:
«Մինչ այս պահը մեր կողմից իրականացված աշխատանքները, ըստ էության, հնարավորություն են տալիս կատարել մի շարք կարևոր արձանագրում, որ ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումներ, որոնք որ իրենց մեջ պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ, դրանցից և ոչ մեկը դուրս չի մնացել աշխատանքային խմբի տեսադաշտից, դրանցից յուրաքանչյուրով ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցներն այդ իրավախախտումները թույլ տրված անձանց ինքնությունը պարզելու, նրանց պատասխանատվության հարցը բարձրացնելու համար»,- ասաց նա:
Ս. Հովհաննիսյանի խոսքով, դեռևս առավոտվանից և օրվա ընթացքում միտում է նկատվել, որ համացանցում հրապարակվում էր ուղղակի տեղեկատվություն՝ չկոնկրետացված, բովանդակային առումով որևէ տեղակատվություն չպարունակող, ընդամենն ուղղակի վերնագրվում էր քվեարկության գաղտնիության խախտում՝ առանց նշելու ինչ պայմաններում է իրականացվել քվեարկության գաղտնիության խախտումը:
«Քանի որ իրավապահ մարմինների ռեսուրսները, ըստ էության, անսահմանափակ չեն, ես ուղղակի կհորդորեի այդ տեղեկատվությունը հանրայնացնող սուբյեկտներին, որ տեղեկատվություն տարածելիս հնարավորինս կոնկրետացված, որոշակի բովանդակային առումով տեղեկատվություն պարունակող հրապարակումներ տարածեին, որպեսզի իրավապահ մարմինների գործունեությունն այս ուղղությամբ էլ ավելի արդյունավետ լինի»,- նշեց դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալը:
Ինչ վերաբերում է մինչև քվեարկության օրը իրավախախտումներին, Ս. Հովհաննիսյանն ասաց, որ բոլոր դեպքերը, որոնք ուղարկվել էին ստուգողական գործողություններ կատարելու, դրանցից 40-ով իսպառ հերքվել են դրանցում նշված հանգամանքները կամ չեն հաստատվել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան