Արսինե Խանջյանը տարբեր տեղամասերում ընտրախախտումներ է արձանագրել
Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը օրվա ընթացքում եղել են Հայաստանի տարբեր մարզերի տարբեր ընտրատեղեմասերում:
Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար գրառումներ է անում՝ ներկայացնելով, թե ինչ ընտրախախտումներ է արձանագրել:
Նա գրել է, որ Գորիսի երեք տեղամասերում ընտրությունների ընթացքը վերահսկելիս ակնհայտ է դարձել, որ բազմաթիվ քաղաքացիներ ծանոթ չեն քվեարկության կարգին, թերթիկների թիվը շփոթմունք է առաջացնում, շատ էին բաց քվեարկության դեպքերը։
Նա Գորիսի 34/8 ընտրական տեղամասում արձանագրել է, որ երկու հոգի միաժամանակ քվեարկել են նույն քվեախցում, Շաքի գյուղում «Քաղաքացի դիտորդ/Citizen Observer»-ի ներկայացուցչի նկատած ուղղորդման դեպքերը հանձնաժողովի նախագահը գրանցել է միայն իրենց այցից և պնդումներից դրդված:
«Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը չէին գրանցում դիտորդի նկատառումները՝ անձրևի ժամանակ տեղամասում եղած մարդկային կուտակումները, բաց քվեարկության դեպքերը, ընտրողների ուղղորդման դեպքերը։ Մեկ ներկայությամբ միայն քարտուղարը սկսեց գրանցել այս խախտումների մասին դիտարկումները»,- գրել է դերասանուհի դիտորդը՝ Վայոց ձորի Ռինդ գյուղում գտնվող 36/26 տեղամաս այցի ընթացքում:
Ատոմ Էգոյանն ու Էրիկ Նազարյանը նույնպես ընտրախախտումներ են արձանագրել:
Հարակից հրապարակումներ`
- Էգոյան. Ես պրովոկացիա եմ արել
- Արսինե Խանջյան. Կարծում եմ, 25 տարվա ընթացքում շատ փողոց իջանք
- Սերժ Թանկյան. Սա ձեր ընտրություններն են և մենք փորձում ենք, այստեղ լինելով, աջակցել ձեզ