Միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը ՀՀ խորհրդարանական ընտրություններին
Հայաստանում այսօր ընթացող խորհրդարանական ընտրություններին անդրադարձել են մի շարք միջազգային հեղինակավոր պարբերականներ և լրատվական գործակալություններ:
Ամերիկյան հեղինակավոր The Washington Post-ը անդրադառնալով ընտրություններին, նշել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում անցկացվում են առաջին խորհրդարանական ընտրությունները: Պարբերականը, հղում անելով նախընտրական շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքներին, նշել է, որ ընտրություններում առաջատարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունն է, իսկ նրան հաջորդում է Հայաստանի մեծահարուստներից մեկի՝ գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը:
Արաբական Al-Jazeera պարբերականի փոխանցմամբ՝ Հայաստանում տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններում ակնկալվում է, որ թեժ մրցապայքար է լինելու Սերժ Սարգսյանի ղեկավարած, մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության և գործարար, բազկամարտի նախկին չեմպիոն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժի միջև:
«Այս ընտրությունները կարևոր ժողովրդավարական թեստ են փոքր, 2.9 միլիոն բնակչություն ունեցող, դեպի ծով ելք չունեցող երկրի համար, որի պատմության մեջ չի արձանագրվել ընտրությունների միջոցով իշխանության փոխանցում ընդդիմությանը», - գրել է պարբերականը:
Գերմանական Deutsche Welle-ն, անդրադառնալով հայաստանյան ընտրություններին, նշել է, որ հետխորհրդային հանրապետության քաղաքացիները իրենց ընտրությամբ որոշելու են նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ուժի և գործարար Գագիկ Ծառուկյանի դաշինքի միջև ընթացող մրցապայքարի արդյունքները:
Russia Today-ը մանրամասն անդրադարձ է կատարել խորհրդարանական ընտրություններին ներգրավված դիտորդական խմբերին, կուսակցություններին և ընտրողների քանակին՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը կլինի Հայաստանի վերջին նախագահը, ով ընտրվել է համաժողովրդական քվեարկության միջոցով:
Հայաստանյան ընտրություններին անդրադարձել են նաև ABC News-ը, Fox News-ը, Business Standard-ը և այլ հեղինակավոր լրատվամիջոցներ: