Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկություն է
Հայաստանում մեկնարկել է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը: Սա առաջին համապետական ընտրությունն է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններից հետո: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով. քաղաքացին պետք է ընտրի և ընտրություններին մասնակցող քաղաքական որևէ ուժի, և այդ ուժի կողմից տվյալ ընտրատարածքում առաջադրված տարածքային թեկնածուի:
Քաղաքացիներն ընտրություն են կատարելու 5 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների միջև՝ «Ելք» դաշինք, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, «Հայկական վերածնունդ» կուսակցություն, «Ծառուկյան» դաշինք, Կոնգրես-ՀԺԿ դաշինք, «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն, «Հայաստանի կոմունիստական» կուսակցություն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք, Հ.Յ. Դաշնակցություն:
Ըստ օրենքի, ժամը 08:00-ին բացվում են Հայաստանի ողջ տարածքում ձևավորված 13 ընտրական տարածքի 2009 տեղամասերը: Երևանի տարածքում կազմավորվում է 4 ընտրական տարածք. առաջին ընտրական տարածքում ընդգրկվում են Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, երկրորդում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, երրորդում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները, չորրորդում՝ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները: Մարզերում կազմավորվում է 9 ընտրական տարածք՝ Արարատի մարզի, Արմավիրի մարզի, Արագածոտնի մարզի, Գեղարքունիքի մարզի, Լոռու մարզի, Կոտայքի մարզի, Շիրակի մարզի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի, Տավուշի մարզի:
Ոստիկանության հաղորդմամբ, ընտրության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2.564.195 ընտրող:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպության թվով 28 021 դիտորդ: Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են հետևյալ միջազգային կազմակերպությունները` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան:
Սահմանված ժամկետում ԿԸՀ-ում հավատարմագրվել են 89 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 1 244 ներկայացուցիչներ: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով հավատարմագրվել է 31 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոց:
Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան