Ս. Էջմիածնում կատարվել է հոգեհանգիստ՝ ապրիլյան պատերազմում զոհված զինվորների համար
Ապրիլի 2-ին` Մեծ պահքի Գալստյան կիրակի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Պատարագի ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է հոգեհանգստյան արարողություն` 2016 թ. ապրիլյան պատերազմում զոհված քաջարի զինվորների համար:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ս. Պատարագին և հոգեհանգստյան կարգին ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ներկա հոգևոր դասը և ժողովուրդը Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթել են մարտական գործողությունների ժամանակ զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար:
Հոգեհանգստյան արարողությունից առաջ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հրապարակել է Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը տարելիցի առիթով, որտեղ մասնավորապես ասված է.
«Մեկ տարի առաջ մեր խիզախ զինվորները կասեցրեցին Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքին բռնացող ռազմական գործողությունները, նաև արյան գնով ետ մղեցին դավադիր հակառակորդին, վկայելով հանուն անկախության ու հայրենի երկրի՝ մեր ժողովրդի նախանձախնդրությունը, ուժն ու կորովը և անպարտելի ոգին:
Մեծ Պահքի այս օրը Գալստյան կիրակին է, որը հիշեցնում է մեր Տիրոջ գալուստը և Իր հավատարիմ հետևորդներին հավիտենական կյանքի շնորհին արժանացնելը: Մեր զոհված հերոսները փոխադրվեցին հանդերձյալ կյանքի հանգրվան՝ մուտք գործելու հավիտենություն և անանց երանությունը ժառանգելու, քանզի անձնազոհության մեծագույն առաքինությունը դրսևորելով՝ Քրիստոսանմանության սխրանքը իրագործեցին: Այս մխիթարությունն է բարձրաձայնում առաքյալի խոսքը. «Աստված մեզ չնախասահմանեց բարկության համար, այլ՝ փրկությունը ժառանգելու համար, որպեսզի արթուն լինենք, թե ննջենք, Նրա հետ միասին ապրենք» (Ա Թեսաղ. 5.9-10):
Հայոց բանակի մարտունակությունը, մեր զինվոր զավակների սխրանքը ծնեցին հերոսության նոր, բացառիկ օրինակներ, որոնք հավելվեցին մեր պատմության էջերում արձանագրված մեր փառապանծ հայրերի սխրանքին ու քաջագործություններին: Մեր զոհված զավակներն իրենց մատաղ կյանքը բաշխեցին ազգին ու Մայր Հայրենիքին, մեզ ամենքիս, որպեսզի մենք նրանց դրսևորած վճռականությամբ ու նախանձախնդրությամբ պահպանենք մեր խաղաղությունն ու արժանապատվությունը, լինենք միասնական, կերտենք հզոր ու ապահով, առաջադեմ ու անհաղթ Հայաստան: Եվ նրանց մշտավառ հիշատակի ու անձնազոհության առջև առավել վճռականորեն պիտի ջանքեր բերենք մեր հայրենիքի նոր կյանքի կերտմանը, պետության առաջընթացին ուղղված գործընթացներին նախանձախնդիր մասնակցությամբ: Բազում փորձությունների առաջ մեր ժողովուրդը միասնականությամբ, առ հայրենին սիրո, հանձնառության ու զոհողության մղումով է ամուր բազուկ դարձել և խորտակել թշնամիների հարվածները, հաղթել չարին, դիմագրավել ավերներն ու կորուստները, հարուցյալ կյանք կերտել: Եվ այսօր նույն ոգով մեր ժողովուրդը ի զորու է առատացնել հայրենանվեր գործերը, արդյունազարդել ազգային կյանքը, շենացնել իր հայրենին, որը իրապես կլինի արժևորումը հանուն հայրենիքի ու ազգի իրենց կյանքը նվիրած հայորդիների պայծառ հիշատակի»: