Քվեարկության գաղտնիության խախտման առնչությամբ ստացված տեղեկությունների մեծ մասն իրականում հերքվեցին. ԿԸՀ ներկայացուցիչ
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոնն այսօր քվեարկության մեկնարկից մինչև 21:00-ն ստացել է 200-ից ավելի հեռախոսազանգ, ուսումնասիրել է նաև ԶԼՄ-ներով տարածվող նյութերը»,- ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:
Նա նշեց, որ 80 հաղորդում են ստացել, որոնց ուղղությամբ ԿԸՀ-ն միջոցներ է ձեռնարկել, քանի որ օպերատիվ լուծում պահանջող խնդիրներ են եղել:
Լ. Հակոբյանն ասաց, որ ահազանգերը հիմնականում վերաբերում էին տեխնիկական սարքավորումներին. «Ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումների աշխատանքում առկա որոշակի տեխնիկական թերացումներ ի հայտ եկան քվեարկության սկզբանական փուլում, շատ արագ վերացվեցին, այնուհետև բոլոր տեղամասերում տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում էին»:
Երկրորդ խնդիրը, նրա խոսքով, քվեարկության մեկնարկից անմիջապես հետո տեսախցիկների աշխատանքի հետ էր կապված. «Բոլոր տեսախցիկները տեսագրություն իրականացրել են, սակայն եղել են տեղամասեր, ուղիղ հեռարձակումն հնարավոր չի եղել ապահովել, պայմանավորված նաև դիտումների, հետևողների այն քանակով, որ առկա էր»:
Լ. Հակոբյանը տեղեկացրեց, որ եղել են հեռախոսազանգեր, որոնք խորհրդատվական բնույթ են կրել. «Քվեարկության ընթացակարգը, կանոնակարգումները բավականին նոր են, ունեցել ենք զանգեր դիտորդներից, վստահված անձերից, հանձնաժողովի անդամներից, ընտրողներից, ովքեր այս կամ այն իրավիճակի վերաբերյալ պարզաբանում էին խնդրում»:
Լ. Հակոբյանն ասաց, որ բազմաթիվ զանգեր են ստացել, ԶԼՄ-ներում բազմաթիվ տեղեկատվություն կար քվեարկության գաղտնիության խախտման առնչությամբ:
«Այն տեղեկությունների մեծ մասն իրականում հերքվեցին: Շատ դեպքեր կապված էին այն իրավիճակի հետ, երբ ընտրողը քվեախցում մենակ չի եղել քվեարկության ժամանակ: Կապ ենք հաստատել հանձնաժողովի անդամների հետ, զրուցել ենք վստահված անձանց, դիտորդների հետ, հավաստիացել ենք, որ ոչ թե ընտրողի քվեարկության գաղտնիության իրավունքն է խախտվում, այլ ընտրողն իր իրավունքն իրացրել է օգնողի միջոցով:
Ընդ որում, այդ ընթացակարգը ստացել է օրենքով սահմանված ձևակերպում, ընտրողն օրենքով սահմանված կարգով գրանցվել է, կարողացել է օգնել ընտրողին կատարելու իր քվեարկությունը»,- ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին