Էլեկտրոնային եղանակով քվեարկություն. ՀՀԿ-ն առաջինն է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում կազմվեց արձանագրություն՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 877 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 747 քաղաքացի, 37 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Նա նշեց, որ էլեկտրոնային եղանակով քվեարկության ժամանակ քվեն կարող էր տրվել միայն ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին: Նա ներկայացրեց կողմ ձայները.
«Ելք» դաշինք՝ 52
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 6
«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3
«Ծառուկյան» դաշինք՝ 73
Կոնգրես-ՀԺԿ՝ 2
ՀՀԿ՝ 529
Կոմկուս՝ 3
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 17
ՀՅԴ՝ 25
Ըստ կարգի, էլեկտրոնային քվեարկության արդյունքներն ամփոփվում են ՀՀ տարածքում քվեարկության ավարտից հետո: Էլեկտրոնային եղանակով քվեարկելով` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, որոնք քվեարկության օրը գտնվելու են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: ՀՀ-ում էլեկտրոնային եղանակով քվեարկությունն իրականացվում է համացանցով (ինտերնետով)` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` էլեկտրոնային քվեարկությունն ապահովող ծրագրի միջոցով` քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 9 և ոչ ուշ, քան 7 օր առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին