Ամեն բան կախված է ժողովրդից, թե ապրիլի 3-ին ինչ Հայաստան է ուզում տեսնել. Գագիկ Ծառուկյան
Քիչ առաջ 29/29 ընտրատեղամասում քաղաքացիական իր պարտքն է կատարել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշել է՝ ամեն բան կախված է ժողովրդից, մասնավորապես նրանից, թե ապրիլի 3-ին ինչ Հայաստան է նա ուզում տեսնել։
«Ում կվստահեն, կհավատան, նրանք էլ թող պատասխան տան»,- ասել է Ծառուկյանը։
Անդրադառնալով արտասահմանցի գործընկերների խոստմանը՝ տարեկան 15 միլիարդ դոլարի ներդրում կատարել հայաստանյան տնտեսության մեջ, քաղաքական գործիչը նշեց՝ ինքը բազմաթիվ ընկերներ ունի, որ հավատում են իրեն. «Բոլորը գիտեն, որ Ծառուկյանը խաբող մարդ չէ, արժանապատիվ մարդ է։ Ես բոլորին ասում եմ, մարդը պատասխանատվություն վերցնում է այն ժամանակ, երբ կարող է պատասխան տալ։ Ես ոչ մեկին չեմ ուզում փնովել՝ ոչ կառավարությանը, ոչ որևէ կուսակցության։ Ամենակարևորն այն է, որ կուսակցությունը ժողովրդին խոստում է տվել, որ կհանի այս վիճակից, նա էլ պետք է հանի։ Ես ասել եմ այն, ինչ կարող եմ անել, մի բան էլ քիչ եմ արել»։
Դաշինքի ղեկավարը շեշտեց՝ ինքն այսօր մեծ հարգանք է վայելում, ցանկանում է ժողովրդին հանել այս վիճակից։ Բայց գլխավոր որոշողը ժողովուրդն է։
Հարցին՝ եթե իր ղեկավարած քաղաքական ուժը 50+1 տոկոս քվեներ չհավաքի, արդյունքները բողոքարկել պատրաստվո՞ւմ է, քաղաքական գործիչը պատասխանեց. «Այսօր բոլոր իրավունքները տրված են մեր ժողովրդին։ Այսօր ձայնը թաղի լավ տղուն տալու խնդիր չէ, այսօր կուսակցության խնդիրն է։ Կուսակցությունը պետք է օրենք փոխի, համակարգ փոխի, բարեփոխումներ կատարի։ Անկախ նրանից, ով կլինի, տարեկան մեկ միլիարդի ներդրում պետք է լինի, որ տնտեսությունը զարգանա։ Հակառակ դեպքում տնտեսության անկում է լինելու»։
Իսկ եթե 2-րդ ուժը լինեք, ընդդիմություն կմնաք, հետաքրքրվեցին լրագրողները։ Ծառուկյանն ուղիղ պատասխանից չտվեց, միայն նշեց՝ ինքը պարտք ունի ժողովրդին տալու. «Ես ոչ պաշտոնի խնդիր ունեմ, ոչ փողի։ Տեսնելով ժողովրդի անվերապահ հավատքը՝ դու միայն ու միայն պետք է մտածես նրա համար»։
Անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու թեմային՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր ղեկավարած դաշինքը կաշառք չի բաժանել։ Ավելին՝ ներկաներին հարցրեց. «Ժողովուրդ որևէ մեկդ ընտրակաշառք ստացած կաք, երեխեքիդ արևով երդվեք»։ Ընտրողները միաբերան բացասական պատասխան հնչեցրեցին։
«Գնացեք Կոտայք, ցանկացած քաղաքացու, հարցրեք։ Մենք եկել ենք գործ անելու, ոչ թե պաշտոն ստանալու»,- կրկին շեշտեց Ծառուկյանը։
Վերջում «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը հերքեց տեղեկությունները, որ քարոզարշավի վերջին օրը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան