Քաղաքական ոչ մի բան փնտրել ուղղակի հնարավոր չէ այստեղ. ԿԸՀ քարտուղարը՝ տեսախցիկների մասին
«Երեկվա դրությամբ արդեն 1500 ընտրատեղամասում տեղադրված էին տեսախցիկները, 95 տոկոսում անգամ օն-լայն հեռարձակումը կար»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ պատասխանելով հարցին, թե ահազանգեր կան, որ որոշ տեղամասերում, մասնավորապես Երևանի Կենտրոն համայնքում օն-լայն հեռարձակումն ապահովված չէ, ինչպե՞ս կարող է հարթվել այդ խնդիրը:
Ա. Սմբատյանի խոսքով, ԿԸՀ-ն, բոլոր շահագրգիռ կուսակցությունները, դաշինքները, ովքեր ցանկանում էին, առանձին հասանելիությամբ հնարավորություն ունեին նայելու այդ հեռարձակումները:
«Առանձնակի մոտեցում չի կարող լինել հատկապես Երևանի կենտրոնում: Երևանում օպտիկական կապի միջոցով է դա արվում, ավելի որակյալ է, կան տեղեր, որտեղ ռադիոկապի միջոցով են արվում, օրինակ Արմավիրում, որտեղ կարող են լինել խափանումներ, ռադիոկապն այն հուսալիությունը չունի: Կայքը որտեղ դրված է դա, այնպիսի մեծ մուտք է միանգամից ունեցել, որ կարծես թե այնտեղ էլ տեխնիկական խնդիր կա: Կարծում եմ՝ բնական է, այսպիսի աննախադեպ օն-լայն հեռարձակում, նկարահանում Հայաստանում երբևէ տեղի չի ունեցել»,- նշեց նա:
ԿԸՀ քարտուղարն ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ կապ չունի տեսանկարահանումն ապահվող կազմակերպության հետ, ընդամենն աջակցում է այդ ընկերությանը:
«Ընկերությունը հաղթել է մրցույթում, կոմերցիոն ծրագիր է, նրանց համար էլ, կարծում եմ, կարևոր է, որ կարողանան պատվով կատարեն այս աշխատանքը: Քաղաքական ոչ մի բան փնտրել ուղղակի հնարավոր չէ այստեղ, զուտ տեխնիկական է, բոլոր ռիսկերը հնարավոր չէր նախօրոք հաշվարկել»,- ասաց Արմեն Սմբատյանը:
Նշենք, որ Եվրամիության կողմից 2 միլիոն եվրո է տրամադրվել ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրման և ուղիղ հեռարձակում ապահովելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան