Նոր Հաճնում քաղաքացին սխալմամբ կրկին գրանցում է անցել
Նոր Հաճնում տեղի ունեցած կրկնակի քվեարկության դեպքի մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, որի արդյունքում քաղաքացին հրավիրվել է ոստիկանական բաժանմունք, ճիշտ չի ներկայացվել: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց թիվ 28-րդ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վրեժ Գալոյանը, մանրամասնելով, որ տարեց ընտրողն իր ծրարն առանց դրոշմապիտակի է գցել քվեատուփ, իսկ երկրորդ անգամ քվեաթերթիկ ստանալու փորձի արդյունքում տեխնիկական սարքը ահազանգ է տվել:
«Ես հանձնարարել եմ, որ գրանցամատյանում գրանցեն տեղի ունեցած սխալի մասին, և եթե ընտրողն ուզում է շարունակել ընտրությունը, ապա պետք է նորից քվեաթերթիկներ ստանա: Քաղաքացին հանձնաժողովից քվեաթերթիկները և ծրարը ստանալու փոխարեն հերթ է կանգնում տեխնիկական սարքի մոտ և կրկին անձնագիրը տալիս է գրանցման: Անձնագիրը անցկացնելիս կարմիր լույս է վառվում», - նշեց Վ. Գալոյանը և հայտնեց, որ ինքն անձամբ է ժամանել ընտրատեղամաս ու հրավիրել է ոստիկանության ներկայացուցչին՝ ինչպես որ պահանջում է կարգը:
Այնուհետև քաղաքացին հրավիրվել է ոստիկանական բաժանմունք և դեպքի կապակցությամբ ցուցմունք է տվել:
Վ. Գալոյանը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ ընտրական հանձնաժողովի ենթակայությամբ գործող ընտրատեղամասերում այլ արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել, և ընտրական գործընթացը տեղի է ունենում օրենքի բոլոր պահանջներին համապատասխան:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ միակ խնդիրը տարեց ընտրողների շրջանում ընտրական գործընթացում ծագող դժվարություններն են, որոնք կապված են այդ գործընթացում կատարված նորամուծությունների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին