Տեղամասերում թեքահարթակները բացակայում են, կամ նորմատիվային առումով սխալ են. ՀԿ նախագահ
«Մենք դեռ չենք ամփոփել մեր դիտարկումները, քանի որ ունենք բավականին քիչ թվով դիտորդներ ու իրենք շրջիկ ձևով են աշխատում՝ պտտվելով տարբեր ընտրատեղամասերում, բայց ժողովրդի հոռետեսությունը, ցավոք սրտի, արդարացվում է»։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Ունիսոն» Հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը՝ մեկնաբանելով ընտրատեղամասերում հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության հետ կապված իրավիճակը:
«Ես ինքս քվեարկել եմ Մայակովսկու անվան դպրոցում, ու որպես քաղաքացի, որպես դիտորդ՝ կարող եմ նշել, որ այնտեղ բազմաթիվ աստիճաններ կան ու ես անձամբ դժվարությամբ կարողացա ներս մտնել: Պետք է ասեմ, որ տեղամասերի մեծ մասում կա՛մ բացակայում են, կա՛մ էլ նորմատիվային առումով ոչ ճիշտ թեքահարթակներ են տեղադրված, որոնք խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող ընտրողների իրավունքը»,- նշեց Արմեն Ալավերդյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ իրենց վստահված անձանցից մեկը տեղամասերից մեկում ականատես է եղել մի դեպքի, երբ առաջարկել են քվեաթերթիկը դուրս հանել տեղամասից, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը ստիպված չլինի դժվարություններն հաղթահարել ու ներս մտնել, սակայն քաղաքացին պնդել է, որ իր ընտրության գաղտնիությունն ու ընթացակարգը պահպանվի, ինչի արդյունքում նրան օգնել են մտնել տեղամաս ու հավուր պատշաճի կատարել իր քվեարկությունը:
«Միայն թեքահարթակների մասին է խոսվում, բայց կա նաև կույրերի ու վատ տեսողություն ունեցողների խնդիրը, որի մասին ընդհանրապես մոռացվում է: Կա ոսպնյակ, որից վատ տեսնողները կարող են օգտվել: Կարող եմ նշել էլի առնվազն մեկ դեպք, որ տեղամասային հանձնաժողովում անգամ չգիտեն, թե ոսպնյակն ինչ է: Մինչդեռ ես համոզված եմ, որ ԿԸՀ-ն տրամադրել է ոսպնյակները և բոլոր տեղերում պետք է լինի: Կարծես թե ոչ բոլոր տեղերում են կարևորում խնդիրներ, հաշմանդամություն ունեցող մարդկանց քվեարկության իրավունքը»,-եզրափակեց «Ունիսոն» ՀԿ-ի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- «Անկախ դիտորդ». Տեսողության խնդիր ունեցող անձանց քվեարկության համար միջոցներ նախատեսված չեն տեղամասերի 49 %-ում
- ՄԻՊ-ը ստացել է 5 ահազանգ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության համար անհրաժեշտ պայմանների բացակայության մասին
- Տարբեր դիտորդներ տարբեր են տեսնում թեքահարթակների բացակայությունը
- Թեքահարթակներ, բայց ու՞մ համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին