Աղոթք ու խնկարկում` ի հիշատակ ապրիլյան պատերազմի զոհերի
«Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհն այսօր մարդաշատ է: Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատներից, ընկերներից բացի, վաղ առավոտից պանթեոն էին շտապում հարյուրավոր քաղաքացիներ, որոնք իրենց հարգանքի տուրքն են մատուցում ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին: Բոլորը լուռ ծաղիկներ են խոնարհում և խնկարկում հերոսների հիշատակը:
Պանթեոնում մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ հերոսների հոգիների հանգստության համար։
Եռաբլուրում, մեր ցավի և հպարտության այս բարձունքում են ամփոփված ապրիլյան պատերազմի հերոսներ կապիտան Արմենակ Ուրֆանյանի, մայոր Հայկ Թորոյանի, հետախույզ Սասուն Մկրտչյանի, պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի, զինծառայողներ Ադամ Սահակյանի, Գրիգոր Հարությունյանի և Բագրատ Ալեքսանյանի աճյունները: