
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը քվեարկության ընթացքի մասին
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հայտարարություն է տարածել քվեարկության ընթացքի մասին, որտեղ ասված է.
«Հետևելով քվեարկության ընթացքին, Կոնգրես-ՀԺԿ դաշինքն արձանագրում է հետևյալ ընտրախախտումները.
- Ընտրական տեղամասերի կահավորումը շատ դեպքերում չի համապատասխանում օրենքի պահանջներին, ինչը չի ապահովում ընտրության գաղտնիությունը։
- Օրենքով նախատեսված՝ ընտրական տեղամասերից համացանցով հեռարձակումը չի գործել առավոտյան ժամը 7-ից մինչև ժամը 13-ը։
- Հենց այդ՝ հեռարձակման բացակայության ժամերին, հակառակ օրենքի պահանջների, տեղամասերում եղել են համատարած կուտակումներ։
- Համատարած են նաև քվեարկության գաղտնիության խախտումները, մասնավորապես՝ քվեախցիկների ետեում կանգնած մարդիկ հսկում են քվեարկողներին։
- Քվեարկության ընթացքում, ընտրողին օգնելու պատրվակով ուղղորդվում է նրանց քվեարկությունը։
- Շատ ընտրատեղամասերում հանձնաժողովների նախագահները հրաժարվում են գրանցել դիտորդների և վստահված անձանց կազմած արձանագրությունները։
- Բազմաթիվ տեղամասերում ոստիկանությունը չի կատարում ընտրողների կուտակումներ թույլ չտալու և օրենքով սահմանված իր այլ պարտականությունները։
Մենք շարունակում ենք ուշադիր հետևել քվեարկության ընթացքին և հավաքել ընտրախախտումների մասին ողջ տեղեկատվությունը, ինչի հիման վրա կտանք մեր վերջնական գնահատականը։
Այս ապօրինությունների դեմն առնելու համար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ է անում բոլոր ընտրողներին, կատարել իրենց քաղաքացիական պարտքը, մասնակցել քվեարկությանը»: