«Ծառուկյան դաշինք»-ի արդյունքներն ու հնարավոր պատգամավորները
Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ԿԸՀ-ի կողմից հրապարակված գրեթե վերջնական արդյունքներից մոտավորապես կարելի է պատկերացում կազմել, թե նվազագույն շեմն հաղթահարած կուսակցություններից յուրաքանչյուրն ինչ ներկայացվածություն է ունենալու ապագա խորհրդարանում:
Ըստ այդմ, «Ծառուկյան դաշինքը» ստացել է 428 հազար 965 ձայն կամ 27.32 տոկոս, ինչը ենթադրում է, որ դաշինքն ամենայն հավանականությամբ կստանա շուրջ երեսուն մանդատ, որից 15-ը՝ կուսակցության համապետական ցուցակով, իսկ մյուս 15-ը՝ տարածքային ցուցակներից:
Ինչ վերաբերում է դաշինքի տարածքային ցուցակներին, ապա մանդատները կբաշխվեն կախված ընտրատարածքներում դաշինքի ստացած քվեներից: ԿԸՀ հրապարակած տվյալներով «Ծառուկյան դաշինքը» ամենաշատ ձայները ստացել է Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 և Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքներում՝ համապատասխանաբար 61.267, 53.632: Ընդ որում՝ ամենաշատ ձայներ դաշինքին բերել են Արարատի տարածքային ցուցակով Արգամ Աբրահամյանը, ով ստացել է 34415 ձայն և Կոտայքի տարածքային ցուցակով Դավիթ Մանուկյանը, ով ստացել է 20761 ձայն: Մնացյալ ընտրատարծքներում դաշինքի տարածքային ցուցակներում ներառված թեկնածուների ձայները նկատելիորեն պակաս են:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ «Ծառուկյան դաշինք»-ից երկուական մանդատներ են ստանալու Կոտայքն ու Արարատն ընդգրկող տարածքային ցուցակների լիդերներն ու նրանց հաջորդող երկրորդ թեկնածուները, իսկ մնացյալ ընտրատարածքներում դաշինքն ամենայն հավանականության կունենա մեկական մանդատներ: Հետևաբար, պատգամավորական մանդատի հավակնում են Արարատի տարածքային ցուցակով Արգամ Աբրահամյանը և Տիգրան Ստեփանյանը (4354 ձայն), Կոտայքի տարածքային ցուցակով՝ Դավիթ Մանուկյանը և Մելիք Մանուկյանը (5861 ձայն), Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթունում՝ Արթուր Մամոյանը (5612), Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշենում՝ Վահան Կարապետյանը (8728 ), Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթում՝ Հարություն Դարագյոզյանը (8483), Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշենում՝ Նապոլեոն Ազիզյանը (4332), Արմավիրում՝ Արայիկ Աղաբաբյանը (9535), Արագածոտնում՝ Խաչիկ Մանուկյանը (5686), Գեղարքունիքում՝ Հրանտ Մադաթյանը (11971), Լոռիում՝ Վանիկ Ասատրյանը (8147), Շիրակում՝ Վարդևան Գրիգորյանը (13990), Սյունիք և Վայոց Ձորում՝ Մերուժան Սիմոնյանը (8168), Տավուշում՝ Վարուժան Բաբաջանյանը (5016):
Ինչ վերաբերում է դաշինքի համապետական ցուցակին, ապա ամենայն հավանականությամբ մանդատներ ձեռք կբերեն Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը,Վարդան Բոստանջյանը, Միքայել Մելքումյանը,Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը, Արգամ Աբրահամյանը, Վարդևան Գրիգորյանը, Արթուր Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը, Սամվել Ադամյանը, Դավիթ Մանուկյանը,Վահե Էնֆիաջյանը:
Բնականաբար, մանդատների բաշխման հարցում դաշինքն ունի ազատություն և կախված այդ հանգամանքից համապետական ցուցակի երկրորդ տասնյակի վերջերում հայտնված մի քանի թեկնածուներ կարող են առաջ գալ՝ ստանալով մանդատներ, ինչպես օրինակ Կարինե Պողոսյանը և Վարդան Ղուկասյանը, ով նաև տարածքային ցուցակով է Շիրակի մարզից, սակայն ստացած ձայներով զիջում է Վարդևան Գրիգորյանին:
Վերլուծել է Կնյազ Սարոյանը
Հարակից հրապարակումներ`
- Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախանշած սկզբունքներին. «Ծառուկյան» դաշինք
- ՀՅԴ. Հին կուսակցության նոր խմբակցությունը
- Մինասյան. «ԵԼՔ» դաշինքի արդյունքներն ու հեռանկարները
- ԿԸՀ-ն ամփոփել է 1886 ընտրատեղամասի տվյալները