Կաննի կինոշուկայում Հայաստանը կներկայանա N 226 տաղավարում
Այս տարի առաջին անգամ Կաննի կինոշուկայում Հայաստանը կներկայանա Village International / Pantiero հատվածում` N 226 տաղավարում: Ապրիլի 1-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայի մասնակցության հայտերի քննարկումը: Ներկայացվել էր 12 կինոնախագիծ, որոնցից ժյուրիի որոշմամբ հաղթող է ճանաչվել հետևյալ նախագծերը.
1. Բարս մեդիա, «Արշալույսի լուսաբացը»
2. Սերգո Ուստյան, «Փոխանակում»
3. Արթուր Սուքիասյան, «Վիրավոր քաղաքը»
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, 2017 թ. մայիսի 17-28-ը Կաննի 70-րդ կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայի մասնակցության համար ՀՀ նախարարությունում ստեղծվել էր հատուկ հանձնախումբ (ժյուրի)` հետևյալ կազմով. նախագահ` Արսեն Բաղդասարյան, (կինոարտադրության փորձագետ), անդամներ` Գուժ Թադևոսյան (ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ), Հովհաննես Գալստյան (կինոռեժիսոր, «ՍԻՆԵՄԱ» կենտրոն, մշակութային, կրթական, արդյունաբերական կենտրոնի հիմնադիր), Վարդան Աբովյան (պրոդյուսեր, «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի ներկայացուցիչ), Արման Երիցյան (կինոռեժիսոր), Նարինե Մկրտչյան (կինոռեժիսոր):
ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում: