Կարեն Կարապետյան. Հայաստանը ձգտում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիա» թերթին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
Հարց- Հայաստանը 2015թ.-ին անդամակցեց ԵԱՏՄ-ին, ինչպես եք գնահատում այս երկու տարիները միության կազմում:
Պատասխան- Անդամակցելով ԵԱՏՄ-ին, մենք՝ երեքմիլիոնանոց ազգաբնակչությամբ, դաձանք մոտ 183 միլիոն բնակչությամբ շուկա ունեցող «ակումբի» անդամ, որը մենք ընկալում ենք և որին ընկալելի ենք մենք: ԵԱՏՄ-ի տրամաբանությունը մեր համար պրագմատիկ է, մենք դառնում ենք հնգյակ, որոնք միավորում է հսկայական շուկան: Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները հաջողակ լինել նրանում և ես չեմ տեսնում այդպիսին չլինելու ոչ մի պատճառ:
ԵԱՏՄ-ի ունեցած ներուժը առավել քան շատ է, քան մենք պատկերացնում ենք: Անդամակցությունը միությանը Հայաստանի համար հնարավորություններ է ստեղծում: Մեր արտադրանքի մեծ մասը արտահանում ենք ԵԱՏՄ-ի շուկաներ, որի կապակցությամբ արժե նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ տարիների համեմատ, Հայաստանում ՀՆԱ ցուցանիշն աճել է:
Շարունակվում են տնտեսության տարբեր ճյուղերի ինտեգրացիոն ներուժի, երրորդ երկրներ արտահանման զարգացման վերաբերյալ հարցերում բանակցությունները: Մենք կարևորում ենք ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շրջանակներում համաձայնեցված քաղաքականության իրականացմանը: Այս տարի Բիշքեկում մարտի 7-ին տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը, իմ տեսանկյունից հաստատուն հիմք ուներ գտնելու համագործակցության տարբեր փուլերում տարբեր խնդիրների արդյունավետ որոշումներ:
Վստահ եմ, որ մենք ԵԱՏՄ-ի առաջարկած ներուժն ամբողջությամբ չենք օգտագործում և Հայաստանը մտադիր է արդյունավետ աշխատել այդ ուղղությամբ: Հայաստանը նաև ձգտում է կամուրջի դեր կատարել ԵԱՏՄ-ի ակումբի և այլ տնտեսական բլոկների, օրինակ՝ ԵՄ անդամների, Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների միջև: Մենք կարծում ենք, որ ինչքան շատ ընդլայնենք ԵԱՏՄ-ի հնարավորությունները և առավելությունները, այնքան լավ կլինի թե Հայաստանի և թե մյուս անդամ երկրների համար:
Հարց- Հայաստանից արտահանվող որ ապրանքատեսակներն են ավելի շատ պահանջված ԵԱՏՄ-ում և Ռուսաստանում մասնավորապես:
Պատասխան- Հայաստանում լավ հեռանկար կա գյուղատնտեսական ոլորոտում ապրանքների արտադրության և ԵԱՏՄ շուկայում իրացման տեսանկյունից, այդ թվում՝ մսի, կաթի, պանրի, կերակրի աղի կարագի... Մենք սովորույթի համաձայն ուժեղ ենք մեր կոնյակի առաջխաղացման տեսանկյունից: Այսօր շատ լավ զարգանում է գինու գարեջրի հյութերի գյուղմթերքների մշակման արտադրությունը:
Կցանկանայի նշել, որ վերջին ժամանակներում Հայաստանի գյուղմթերքների արտահանման ցուցանիշն աճել է 6 անգամ: Որակյալ ապրանքներ տրամադրելու համար մենք սկսեցինք ակտիվորեն կիրառել սննդի անվտանգության հետազոտության և վերահսկողության մեթոդներ, որոնք ընդունված են ԵԱՏՄ-ի տարածքում: Այդ աշխատանքը շարունակական է, ԵԱՏՄ երկրների մեր գործընկերների հետ պարբերաբար իրականացնում ենք տեսակոնֆերանսներ, աշխատանքային հանդիպումներ: Այժմ աշխատում ենք մեր վերլուծական բազայի և լաբորատոր սարքավորումների ուժեղացման վրա:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հաստատվեց և իրավական կարգավորում ստացավ միասնական շուկայում դեղերի շրջանառությունը, որի համաձայն 2017թ.-ի հունվարի մեկից ԵԱՏՄ տարածքում կգործի դեղերի միասնական շուկա:
2016թ.-ի դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 6%-ով: Ռուս-հայկական համագործակցությունն ընդգրկում է առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտները ինչպես նաև համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը: Հայաստանը նաև ունի առաջարկ տեղեկատվական տեխնոլոգիաների և ոսկերչական ոլորտներում:
Հարց- Հայաստանն ուներ ԵՄ ասոցացման առաջարկ, սակայն Երևանն ընտրություն կատարեց հօգուտ ԵԱՏՄ-ի: Ինչ եք կարծում, դա ճի՞շտ ընտրություն էր:
Պատասխան- Բիզնեսի զարգացման տեսանկյունից Հայաստանի համար գրավիչ հանգամանքն առաջին հերթին խոշոր և հասկանալի շուկան է: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա կարելի է նշել, որ ԵՄ-ն Հայաստանի խոշոր դոնորներից և ներդրողներից մեկն է և ԵԱՏՄ անդամների հետ գործընկերության խորացմամբ մենք չենք դադարեցնում ԵՄ-ի հետ համագործակցությունը: Մենք ԵՄ-ի հետ համագործակցելու, ներդրումների և երկխոսության սահմանափակումներ չունենք: Այս պահին մենք բաց և թափանցիկ երկխոսություն ենք վարում մեր եվրոպական գործընկերների հետ: Մենք մեզ ընկալում ենք որպես այս երկու շուկաների մոտեցնողներ, այլ ոչ հեռացնողներ:
Հարց-Ինչպես եք տեսնում Հայ-ռուսական հարաբերությունների ապագան:
Պատասխան-Ռուսաստանը համարվում է Հայաստանի կարևորագույն գործընկերը և ամենախոշոր ներդրող երկիրը: Այս տարի լրանում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը: Չնայած մեր հարաբերությունների մակարդակը բավականաչափ բարձր է, այնուամենայնիվ համատեղ պոտենցիալը շատ ավելի մեծ է, և մենք նախատեսում ենք մի շարք ուղղություններ, որոնք կարող են դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները:
Շեշտեմ, որ այս տարվա մարտի 24-ին կայացավ ռազմավարական ֆորում, որին մասնակցեցին ՌԴ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները, ռուսական ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը և ՌԴ բիզնեսի զարգացման նախաձեռնությունների լիդերների ակումբի ղեկավարները: Դա, անշուշտ, շատ կարևոր հարթակ է օգտակար գաղափարների վերհանման, փորձի փոխանակման և երկրների տնտեսությունների զարգացման նոր ուղիների բացահայտման համար:
Մենք հետաքրքրված ենք, որ մեր ռուս գործընկերները գտնեն նոր առիթներ և ծրագրեր ներդրումներ իրականացնելու համար: Հայաստանը բաց է ներդրումների համար: Ներդրողներին մենք առաջարկելու շատ բան ունենք, և կստեղծենք բոլոր պայմանները, որ նրանք կարողանան զբաղվել արդյունավետ բիզնեսով, գումար վաստակել, ստեղծել նոր աշխատատեղեր և մուծել հարկերը:
Բացի այդ մենք քննարկում ենք հայ-ռուսական համագործակցության նոր ակտուալ ուղղություններ, ուրվագծում ենք զարգացման և կոնկրետ միջոցառումների վեկտորներ:
Օրինակ՝ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների փոխադարձ առանց վիզայի այցելությունների մասին համաձայնագիրը, ներառյալ փետրվարին ուժի մեջ մտած կանոնակարգը, որով ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով, իմ կարծիքով, կհաղորդեն մեծ խթան մշակութային, հումանիտար հարաբերությունների և զբոսաշրջության զարգացմանը: Կարծում եմ, Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գնահատված չէ Ռուսաստանի քաղաքացիների համար, և այս տարի մենք նպատակադրված ենք իրականացնել սկզբունքային փոփոխություններ՝ միտված դրական առաջընթացին:
Ներկայումս քննարկվում են գյուղտեխնիկայի առաքման սխեմաները, ռուսական կապիտալի մասնակցությամբ ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, համագործակցություն էներգետիկ ոլորտում, ինչպես նաև Ռուսական երկրաբանական հոլդինգի մասնակցությունը մեր երկրաբանական հետախուզական ծրագրերին:
Հարց- Դուք երկար ժամանակ աշխատել եք «Գազպրոմ» ընկերությունում: Ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն և դառնալ վարչապետ:
Պատասխան-Ես դրական եմ գնահատում «Գազպրոմի» իմ աշխատանքային փորձը և կարծում եմ որ այդ ընկերությունը ամենահաջողվածներից է: Ինչ վերաբերում է ինձ, իբրև վարչապետի, ապա եթե ինձ վստահել են այդ պաշտոնը, ես կանեմ այն ամենն իմ ուժերի սահմաններում, որպեսզի նպաստեմ մեր երկրի վերականգմանը, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից, առաջ գնացող և զարգացող երկիր: Երբ Հայաստանի նախագահը ստորագրեց իմ նշանակման մասին հրամանագիրը, նշեց քաղաքական բարեփոխումների անցկացման մասին: Ինձ վրա դրված էր երկրում փոփոխությունների անցկացման պատասխանատվությունը: Ես այսպես եմ հասկանում՝ բարեփոխումը, դա առաջին հերթին դեպի լավն արված փոփոխությունն է, իսկ փոփոխությունը՝ մեր ամենօրյա պահանջմունքն է: Երբեք չի լինի այնպիսի իդեալական կառավարման համակարգ, որը չունենա փոփոխությունների կարիք: Ես ձգտում եմ կազմակերպել իմ գործն այնպես, որ ինձ բարեփոխիչ կոչի ոչ միայն նախագահը:
Հարց- Տեղացիները ընտրությունների ժամանակ հետաքրքիր կարծիք են արտահայտել: Օրինակ՝ ուսանողները նշել են, որ կքվեարկեն «Ելք» դաշինքի օգտին որպես բողոքի նշան: Սակայն «եթե Կարեն Կարապետյանն ասի, որ վարչապետ կլինի 2018թ.-ից հետո, ապա կընտրեն Հանրապետական կուսակցությանը»: Ինչ կարող եք ասել այսպիսի ընտրողներին:
Պատասխան- Երբ մարդիկ անկեղծորեն հավատում են քեզ, մեծ պատասխանատվություն ունես այդ մարդկանց հանդեպ: Ես հասկանում եմ դա և պատասխանատու կերպով եմ վերաբերվում դրան: Հանրապետական կուսակցության հաղթանակից հետո մեր կառավարությունը շարունակելու է բարեփոխումների կուրսը, որը մենք սկսել ենք, և կասեի, հաջողությամբ ենք անցկացրել այս 6 ամիսները:
Մեր կառավարությունը բաց է և քննադատության, և համագործակցության առաջ: Մենք ձգտում ենք վերականգնել իշխանությունների նկատմամբ վստահությունը, գտնել տնտեսական և սոցիալական լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացում սկսած այսօրվանից և տասնամյա հեռանկարով, որը կամրացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Մենք հետաքրքրված ենք մեր երկրի կայացման հարցում: Շատ բան պետք է փոխել, սակայն քայլ առ քայլ մենք կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին, իսկ նպատակներն ու ռազմավարությունը նշված են, որը շատ կարևոր է: