«Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրություն՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլի 8-ից կբացվի «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ցուցադրության նպատակն է՝ լույս սփռել նվագարանների ստեղծման և զարգացման պատմությանը, դրանց կենցաղավարմանը, գործառույթներին, մշակութաբանական համապատկերին, ինչպես նաև երաժշտի ու նվագարանագործ-վարպետի դերին պատմության մեջ։ Ներկայացվելու են բազմատեսակ ցուցանմուշներ` հնագիտական առարկաներ, ձեռագրերի և տապանաքարերի թվայնացված տարբերակներ, արխիվային լուսանկարներ, ավանդական նվագարաններ և այլն։
«Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրության համադրողը Նայիրի Խաչատուրեանն է:
Ցուցադրությանն իրենց նպաստն են բերել հետևյալ գործընկեր հաստատությունները. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստանի պատմության թանգարան, Մաշտոցի անվան Մատենադարան, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան, Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ Վանքի Մատենադարան, Յուշամատեան։