ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կորոշվի Երևանի քաղաքապետի թեկնածուն. Գագիկ Մինասյան
Երկիրը գտնվում է կարևորագույն փուլում: Ընտրությունների ընթացքը մի քանի կետով էր առանձնահատուկ՝ ընդգծված համամասնական համակարգ, որտեղ ներկայացված էին ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ, երկրորդ՝ ընտրողների աննախադեպ մեծ մասնակցություն: Սա խոսում է այն մասին, որ ընտրությունները ոչ ոքի անտարբեր չթողեցին: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
«Մյուս կարևոր հանգամանքը բուն ընտրական գործընթացի հետ կապված հարցերն էին՝ մասնավորապես՝ տեխնիկական վերահսկող սարքերի առկայությունը: Պակաս կարևոր չէր նաև այն հանգամանքը, որ որևէ մեկը չէր կարող պարզել՝ ում է ընտրել քաղաքացին քվեախցում: Ինչ վերաբերում է կաշառքի երևույթին, եթե անգամ այդպիսի դրսևորումներ եղել են, կարծում եմ՝ մարդիկ պետք է ընդվզեին և քվեարկեին՝ ում օգտին ցանկանում էին: Գումար բաժանելն առհասարակ պախարակելի երևույթ է»,- ասաց պատգամավորը:
Գագիկ Մինասյանը հատկանշական համարեց, որ քաղաքական որևէ ուժ սահմանված ժամկետներում չի բողոքարկել ընտրությունների արդյունքները: Նրա համոզմամբ, այս ընտրությունները քայլ առաջ էին, ինչը գիտակցում են նաև խորհրդարան չանցած ուժերը:
Բանախոսը նաև հավաստիացրեց, որ ՀՀԿ-ն իր առջև մանդատների խնդիր չի դրել, այլ գերխնդիր է համարել կազմակերպել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:
Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ վաղը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կորոշվի, թե ով կլինի Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածուն: Վաղը կքննարկվի նաև այն հարցը, թե ընտրված պատգամավորներից ովքեր չեն վերցնի պատգամավորության մանդատը և կանցնեն գործադիր աշխատանքի:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ եթե Հանրապետականը ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմի, դա երկրի և ժողովրդի համար ավելի քան օգտակար կլինի: