Չինաստանի ԱԳՆ. Չինաստանը դիտարկում է Հայաստանը որպես համագործակցության կարևոր գործընկեր
Չինական կողմը մեծ նշանակություն է տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և դիտարկում է Հայաստանը որպես համագործակցության կարևոր գործընկեր: Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում նշել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ինը:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Չինաստանի նախարարը նշել է՝ շարունակաբար ամրապնդվում է երկու պետությունների միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, էական արդյունքներ են գրանցվել առևտրի և տնտեսության, անվտանգության, հումանիտար կապերի և այլ ոլորտներում համագործակցության մեջ, սերտ կապեր և փոխգործակցություն է պահպանվում միջազգային և տարածաշրջանային հարցերում:
Չինաստանի արտգործնախարարը նշում է, որ պատրաստ է Հայաստանի արտգործնախարարի հետ գործադրել համատեղ ջանքեր՝ ամրապնդելու երկու պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը և դրանով իսկ առաջ մղել երկկողմ հարաբերությունները դեպի զարգացման նոր մակարդակ:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-չինական հարաբերությունները նույնքան հին են, որքան երկու ժողովուրդների պատմությունը և որ դրանք մշտապես առանձնացել են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով:
Նալբանդյանի խոսքով, Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ընթացող քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում և տարածաշրջանային ու միջազգային կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ ձևավորված փոխըմբռնումը: