Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների շուկայում գները հիմնականում կայուն են. ՏՄՊՊՀ
Գերիշխող առևտրի ցանցերում այսօր կատարված մոնիթորինգի արդյունքներով արձանագրվել է, որ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների շուկայում գները հիմնականում կայուն են: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը:
«Մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ վերջին մի քանի օրերին թանկացել է շաքարավազը, իրականությանը չի համապատասխանում: Նշված ապրանքատեսակի գինը նախկինի նման 1 կիլոգրամը 390 դրամ է»,- նշեց Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ արձանագրվել է որոշակի փոփոխություն նվազման ուղղությամբ՝ մասնավորապես բուսական յուղի որոշ տեսակների, ձավարեղենի, կաթնամթերքի և երշիկեղենի որոշ տեսակների մասով:
Տեղեկացնենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրում և վերահսկողություն է իրականացնում բացառապես խոշոր ապրանքային շուկաներում, քանի որ վերջինների գնային քաղաքականությունը կարող է ազդել շուկայի ընդհանուր իրավիճակի վրա: